Նոյեմբերի 30-ին «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր քննարկում՝ դեղատներում հոգեմետ դեղերի ազատ վաճառքի վերաբերյալ:

 

Առիթն այն բազմաթիվ ահազանգերն էին, որ «Միասնություն» համազգային շարժումը ստանում էր մտահոգ քաղաքացիներից:

 

Քննարկման ընթացքում «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանն իր մտահոգությունը հայտնեց դեղատներում նմանօրինակ դեղերի ազատ վաճառքի վերաբերյալ:

 

«Երիտասարդների առողջ ապրելակերպի խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք չենք կարող անհաղորդ մնալ այն պարագայում, երբ ազատ վաճառվում են հոգեմետ հատկություն ունեցող դեղեր։ Ասեմ ավելին՝ մեզ մտահոգում է Հայաստանում թմրանյութերի տարածման փաստը։ Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրը ստանա համապատասխան իրավական կարգավորումներ. այն է՝ խստացվեն վերահսկողական մեխանիզմները, ինչպես նաև ձեռնարկվեն լայնածավալ միջոցառումներ, որոնք կբարձրացնեն հանրության իրազեկվածության մակարդակն այդ մահաբեր երևույթների վերաբերյալ»,- ասաց Արման Վարդանյանը:

 

Դեռևս 2011 թվականին՝ Առողջապահության նախարարությունը միջոցառումներ էր իրականացնում «Թիանեպտին» («Կոաքսիլ»), «Տրոպիկամիդ», «Սեդալգին» և «Պրեգաբալին» («Լիրիկա») դեղերի ազատ վաճառքը սահմանափակելու ուղղությամբ, սակայն փոփոխությունները հանգեցրել են նրան, որ նշված դեղերն այսօր էլ ազատորեն վաճառվում են:

 

Ըստ նախարարության տարածած պաշտոնական մի հաղորդագրության՝ այս դեղերն այլ դեղերի և/կամ նյութերի համադրմամբ կարող են օգտագործվել որպես հոգեմետ նյութեր: Ստացված պատրաստուկների գործածումն արագ առաջացնում է և´ ֆիզիկական, և´ հոգեկան կախվածություն, ինչպես նաև՝ վարքային տարբեր խանգարումներ, իսկ գերդոզավորումը հանգեցնում է մահվան:

 

Քննարկմանը մասնակցում էր Առողջապահության նախարարի օգնական Սաթենիկ Մկրտչյանը, ով տեղեկացրեց, որ դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնի «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը, որն ի թիվս այլ հիմնախնդիրների՝ կկարգավորի նաև դեղատոմսով բաց թողնվող դեղերի վաճառքը:

 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ժամանակներում կազմակերպել լայնածավալ, բազմապրոֆիլ քննարկումներ, որպեսզի ի հայտ բերվեն խնդրի լուծման կենսական մեխանիզմները։

 

Քննարկման ընթացքում իրենց տեսակետները հայտնեցին նաև «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամները:

 

«Միասնություն» համազգային շարժման լրատվական ծառայություն