Նույնիսկ անհույս լավատեսներն են խոստովանում, որ Հայաստանում գործնականում գոյություն չունեն կուսակցություններ, որոնք կարող են, ունակ կլինեն պնդելու, թե վայելում են հասարակության զգալի հատվածի համակրանքն ու վստահությունը: Ճիշտ է՝ երբեմն այս կամ այն քաղաքական ուժերը ներկայացնող առանձին անհատների բարձրագոչ խոսքերից ու արտահայտած մտքերից նույնիսկ շոկի մեջ կարող ես ընկնել՝ նկատելով դրանցում ինքնավստահության ավելորդ չափաքնակ, բայց դե առանձնակի խորաթափանց մեկը լինել հարկավոր չէ՝ կռահելու համար, թե իրականում ինչ նպատակ են հետապնդում այդ հավաստիացումները:
Վերջին օրերի քաղաքական դաշտի ամենաակնառու իրադարձություններից մեկն էլ, ինչ խոսք, «ընդդիմադիր» կուսակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հանրապետություն» կուսակցությունների միջև խմորվող ջերմագին հարաբերություններն են, որոնք ասես տեղական նշանակության փոքրիկ սենսացիա են դարձել աշխուժությամբ առանձնապես չփայլող քաղաքական կյանքում. դատելով ամենայնից՝ առաջիկայում հենց սույն կուսակցություններն են դառնալու Արևմուտքի քաղաքական հենարանը Հայաստանում:
Քաղաքական հաշվարկները՝ քաղաքական հաշվարկներ, բայց որքան էլ անցանկալի լինի ոմանց համար՝ ասենք նույն ԼՀ-ի ու ՔՊ-ի, սույն քաղաքական դաշինքը գոնե ժողովրդական ընկալման տեսանկյունից բավական վիճելի կարող է դառնալ. տևական ժամանակ է, ինչ լուրջ դժգոհություններ են տիրում, մասնավորապես, ԼՀ-ին ու ՔՊ-ին անդամագրվածների շրջանում, ովքեր, ըստ էության, չեն կարողանում հասկանալ, թե ինչ ընդհանուր բան կարող է լինել Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյան միջև: Միմյանց հետ անհաշտ այս երկու թիմերի միջև իրականում այնպիսի խորխորատ է ձևավորվել, որ անհասկանալի է, թե ինչպես կարող են առկա տարաձայնություններն անտեսվել կամ նույնիսկ հարթվել, երբ ամիսներ շարունակ փոխադարձ վիրավորանքների ու մեղադրանքների պակաս առանձնապես չի զգացվել: Ավելին՝ պարզվում է՝ ստեղծված անբնական իրավիճակը ոչ միայն հանգեցրել է պարզ հիասթափության, այլև բանը հասել է նրան, որ բազում կուսակցականներ այլևս ցանկություն են հայտնել՝ լքելու այդ քաղաքական ուժերի շարքերն ու հեռանալ:
Գաղտնք չէ, որ ցանկացած կուսակցություն հզոր է նախևառաջ սեփական համակիրների բանակով. որքան շատ համակիներ ու անդամներ ունեն կուսկացություններն, այնքան մեծ է նրանց ունեցած կշիռն ու ազդեցությունն երկրում ծավալվող քաղաքական գործընթացների վրա: Բայց սույն քաղաքական ուժերը, որոնք, վստահաբար, միանգամայն արհեստական հողի վրա են ծնունդ առել, երևում է՝ թքած ունեն այս դասագրքային ճշմարտության վրա ու քաղաքական նպատակներ ու պլաններ կազմելիս կարծես առանձնապես չեն ուզում հաշվի նստել սույն իրողության հետ, ինչը, թերևս, փայլուն կերպով ցույց է տալիս սրանց անսկզբունքայնությունն ու պահի քաղաքական շահի հետևից ընկնելու արատավոր սովորությունն՝ տալով այն ծեծված հարցի պատասխանը, թե ինչով է պայմանավորված ժողովրդի անտարբերությունը ոչ միայն իշխանական, այլև «ընդդիմադիր» կոչվող քաղաքական ուժերի նկատմամբ: Մարդիկ, փաստացի, հակաժողովրդական գործարքի մեջ են մտնում միմյանց հետ՝ այդպիսով զրոյացնելով իրենց ու իշխանությունների միջև իբր գոյություն ունեցող թվացյալ տարբերությունը. երկուսն էլ արհամարհած ունեն ժողովրդի կարծիքն ու ձայնը և զբաղվում են բացառապես սեփական քաղաքական կարիքների բավարամամբ՝ չկաշկանդվելով ոչնչից:
Այնպես որ՝ բոլոր այն պնդումները, թե սույն կուսակցությունների՝ միմյանց հետ միավորվելը նպատակ ունի ժողովրդական լայն հատվածների ձայնն է՛լ ավելի լսելի դարձնելու իշխանություններին, այլևս սպառված կարելի է համարել. պարզ մարդիկ էլ են հրաշալիորեն գիտակցում՝ բոլորի նպատակը ժողովրդի անունն օգտագործելով սեփական շահերի առաջ մղումն է, ճղճիմ քաղաքական նպատակներին հասնելը:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ