Քրիստոսի պատգամներին անդրադառնալիս խնդիր է առաջանում. թեև Նա պարզ ու հստակ ձևակերպեց այն, ինչ ցանկանում էր ասել, բայց մեր ընկալման առումով ամեն բան ավելի բարդ է թվում:
Մանկության տարիներին, երբ կարդում էի Աստվածաշունչը, սերը, բարությունը, ներողամտությունը, ազնվությունը, խոնարհությունն ինձ համար որքան կարևոր, նույքան պարզ իրողություններ էին թվում, որոնցով կարելի էր ոգևորվել, ուրախանալ... պարզապես ԱՊՐԵԼ: Սակայն երբ մեծահասակներն էին խոսում այդ արժեքների մասին, թեև չէին հերքում դրանց կարևորությունն ու անհրաժեշտությունը, սակայն խոսում էին այդ արժեքների մասին այնպես, որ սկսում էի կասկածել, թե արդյո՞ք դրանք ամենակարևորն են կյանքում: Չեմ բողոքում իմ մանկության տարիների մեծահասակներից, պարզապես ունեմ մտավախություն, թե արդյոք ես նույն կերպ չե՞մ վարվում այսօրվա երեխաների հետ:
Մի բան հստակ է, որ անհնար է ապրել առանց հավատքի, իսկ երբ անդրադառնում ենք հավատքի թեմային, մեզ թվում է, թե պետք է հետևենք ինչ-որ կանոնների, որոնք թելադրում է Աստվածաշունչը: Իրականում Աստվածաշունչը կանոններ չի տալիս, այլ պատմում է, թե ինչ արեց Քրիստոս: Աստծուն գտնելու համար մեզ կյանքի կանոններ պետք չեն: Այն, ինչ սովորեցրեց Քրիստոս, էականորեն տարբեր է կյանքի այն կանոններից, որոնք առաջին հայացքից թվում է, թե բխում են քրիստոնեական սկզբունքներից, սակայն իրականում խանգարում են մեզ հասկանալ Քրիստոսի Խոսքը:
Իսկ Քրիստոս շատ հստակ է խոսում սիրո, բարության, ներողամտության մասին: Սակայն թվում է, թե այդ պատգամներն իրականացնելը մարդու ուժերից վեր է, մարդը միայնակ չի կարող դրանք իրականացնել: Այս ձևակերպման հետ համաձայնվել չեմ կարող. եթե Քրիստոս գիտեր, որ Իր պատգամները մարդու ուժերից վեր են, ապա ինչո՞ւ դրանք տվեց մեզ:
Կարդում ես այդ պատգամներն, ու թվում է, թե Խոսքը հենց քեզ է ուղված և դու հենց այս պահին կարող ես այն իրականացնել: Փորձում ես, բայց անմիջապես սկսվում է ներքին պայքար, և թուլանում ես: Մեզ մխիթարում ենք՝ ասելով, թե մարդն անզոր է: Գուցե մարդն ամենակարող չէ, սակայն մարդու անզորությունն էլ իրական չէ, իրական են մարդու ջանքերը:
Ամեն անգամ, երբ տանը միայնակ բացում եմ Աստվածաշունչը և կարդում, կարծես մեն-մենակ եմ մնում Քրիստոսի առաջ, ու կարևոր չէ, որ հոգևորական ես, կարևոր չեն քո սերտած մեկնություններն ու բազմաթիվ բացատրությունները. դու ես ու Խոսքը միայն, երբ Խոսքը մեկնելու ու բացատրելու կարիք չկա, պարզապես այն պետք է լսել ու հասկանալ այնպես, ինչպես գրված է: Չէ՞ որ մանուկ հասակում այդպես էինք վարվում: Գուցե Քրիստոս դա՞ նկատի ուներ՝ եթե չլինեք երեխաների նման...
Քրիստոս պատգամում է լինել բարի, ներել, սիրել.
«Լսել եք' ինչ ասվեց նախնիներին. աչքի փոխարեն' աչք և ատամի փոխարեն' ատամ: Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ մի՛ կանգնիր, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու» (Մատթ. 5: 38-39):
Մենք միանգամից ընդվզում ենք. ինչպե՞ս թե. մի այտիդ ապտակում են, մյուսն էլ դարձրու: Մի՞թե Քրիստոս ուզում է, որ տառապենք: Բայց երբ ուշադիր ես կարդում, հասկանում ես, որ Քրիստոսի խոսքի մեջ կարևորը կրկնակի ապտակ ստանալը չէ, այլ՝ չարին հակառակ չկանգնելը: Խնդիրն այն չէ, որ մեզ ապտակում են, մենք էլ դրանից պիտի ուրախանանք ու ասենք՝ մյուս այտին էլ ապտակեք, այլ՝ որ չարին չարությամբ չպատասխանենք: Քրիստոս չի ասում՝ տառապեք, այլ՝ մի հակառակվեք չարին: Չարին չարությամբ պատասխանելով՝ ընդամենը չարիքն ենք կրկնապատկում: Օրինակ՝ երբ ծնողը երեխային ինչ-որ տեղ է ճանապարհում, չի ասում՝ սոված կմնաս, կմրսես, կհիվանդանաս, այլ ասում է՝ եթե սոված լինես կամ հիվանդանաս՝ չընկրկես, գնա միշտ առաջ, կանգ չառնես: Նույն կերպ Քրիստոս ասում է. կյանքում ինչ փորձություն էլ որ լինի, եթե ապտակեն, ունեցածդ խլեն, մի չարացիր:
Չէ՞ որ Քրիստոս Իր կյանքը տվեց մեր փրկության համար՝ չարին չհակառակվելով:
Եսայի քհն. Արթենյան