Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին սպասարկող Lexus մակնիշի ՊՆ 0001 համարանիշի ավտոմեքենան: Երևան-Մեղրի ավտոճանապարհի 231-րդ կմ հատվածում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։

 

Վթարի հետևանքով երկու մարդ զոհվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվածները նախարարի անվտանգության աշխատակիցներ են. լեյտենանտ Արմեն Մուսիկյանը, ով վարորդն էր, և անվտանգության աշխատակից՝ կապիտան Ալեքսան Սիմոնյանը։ 


ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նախարարն այդ ժամանակ Խնձորեսկի զորամասում միջոցառման է մասնակցելիս եղել: Իսկ վթարի պատճառների մասին Հովհաննիսյանը գերադասեց չխոսել, միայն շեշտելով, որ ճանապարհների վիճակը շատ վատ է: «Ես ինքս այդ ճանապարհով գնացել եմ, շատ վատ ճանապարհ է: Վթարի հանգամանքների մասին չեմ կարող ասել, մանրամասները չգիտեմ»,- ասաց Հովհաննիսյանը: 

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հրապարակած լուսանկարներից դատելով, ճանապարհը գրեթե անանցանելի է, առկա է մերկասառույց, ճանապարհամաքրման աշխատանքներ, ինչպես երևում է, չեն իրականացվում:

 

Քրիստինա Աղալարյան