Այսօր «Միասնություն» համազգային շարժումն անցկացրեց հերթական կլոր սեղան-քննարկումը, այս անգամ՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը եվրոպական և եվրասիական վեկտորների միջև» թեմայով:
Բանախոսներից՝ պգթ., դոցենտ Աշոտ Կարապետյանի կարծիքով՝ մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք եվրասիական ինտեգրացիան կայացնելու հարցում, և ամենաակնհայտ խնդիրն այն է, որ ԽՍՀՄ-ի կազմալուծումից հետո խզվեցին բոլոր կապերը, այդ թվում՝ մարդկային, մասնագիտական շփումները:
«Երբ որ մենք հիմա մեղադրում և ասում ենք՝ շփում չունենք նույն երկրների հետ, հարց է առաջանում. իսկ ինչպե՞ս, վիրտուա՞լ պետք է իրականացվեն այդ շփումները, թե՞ պետք է իրականացնել մարդկանց, մասնագետների միջոցով, որոնք ունեն աշխատանքային փորձ»,- ասաց Կարապետյանը:
Անդրադառնալով հնչեցված հարցին՝ արդյոք կարևո՞ր է արտաքին և ներքին քաղաքականության փոխկապակցվածությունը, Կարապետյանը պատասխանեց.
«Միանշանակ: Պետք են կոմպետենտ մարդիկ, որոնք կներկայացնեն խնդիրները: Առաջարկում եմ մեր էքսպերտներին, որ ուշադրություն դարձնեն ոչ թե ցանկություններ հայտնելուն, այլ մեխանիզմներ, ծրագրեր առաջարկելուն: Մեր հիմնական օգնությունը մեր իշխանություններին, քաղաքական ուժերին՝ կլինի կոնկրետ ծրագրերի առաջարկումը՝ հետազոտություններով հիմնավորված»:
Սոնա Հարությունյան