Չնայած նախապես ակնկալվում էր, որ Կարեն Կարապետյանը սեփական կառավարությունը ձևավորելիս արմատական քայլերի կդիմեր ու լիովին պաշտոնաթող կաներ Հովիկ Աբրահամյանի կառավարության մասը հանդիսացողներին ու նրանց փոխարեն բացառապես նոր դեմքերի կնշանակեր համապատասխան պաշտոններում, սակայն, միգուցե ի զարմանս ոմանց, այդպես չեղավ, ու նոր կառավարությունը դարձավ հնի յուրատեսակ «ռիմեյքը». ելնելով ինչ-ինչ իրողություններից՝ Աբրահամյանի կադրերից մի քանիսին Կարապետյանն, այնուամենայնիվ, չձեռնահարեց:

Ասում են՝ պաշտոնը երբեք ու ոչ մի պարագայում հավերժական չի լինում, ու վաղ թե ուշ, որքան էլ բարձրաստիճան պաշտոնյա լինես, ստիպված ես լինում հրաժեշտ տալ աթոռիդ: Բավական է, սակայն, ուսումնասիրել մեր որոշ հայ պաշտոնյաների աշխատանքային կենսագրությունը, որպեսզի պարզ դառնա՝ գոնե հայաստանյան իրականության պայմաններում այս միտքը միանգամայն թյուր է, անհիմն ու չափազանցված:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասին, թերևս, բազում հոդվածներ են գրվել, շատերն են փորձել հասկանալ նրա՝ Հայաստանի պետական կառավարման համակարգում ծավալած գործունեության, կարիերայի հավերժության գաղտնիքը՝ չնայած այն հանգամանքին, որ որևէ մեկին այդպես էլ մինչև հիմա չի հաջողվել լուծել այդ՝ բազում անհայտներ ունեցող հավասարումը:

Մասնագիտությամբ մաթեմատիկոս Հակոբյանի աշխատանքային գործունեությունը պետական համակարգում սկսվել է շատ վաղուց՝ ճիշտ այն օրվանից, երբ որոշեց հեռանալ ԵՊՀ-ից ու զբաղվել քաղաքականությամբ՝ 1983-ին ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար հռչակվելով: Այդ օրվանից սկսած՝ Հրանուշ Հակոբյանը քայլ առ քայլ սկսեց մագլցել պետական համակարգի աստիճաններով՝ գալով-հասնելով մինչև մեր օրերն ու նվաճելով Սփյուռքի նախարարի բարձր պաշտոնը՝ մինչ այդ հասցնելով զբաղեցնել նաև մի շարք այլ բարձր պաշտոններ. եղել է ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, ՀՀ սոցիալական ապահովության նախարար, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի փոխնախագահ: Նախքան Սփյուռքի նախարարի պաշտոնում նշանակվելն էլ հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Թե այս տարիների ընթացքում Հրանուշ Հակոբյանը կամ նրա կողմից ղեկավարվող կառույցը որքանով է կարողացել նպաստել Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանն ու դրանք անքակտելի դարձնելուն, հայտնի է բոլորին. 2016թ.-ի դրությամբ՝ կարելի է ասել՝ դրանք հեռու են ցանկալի լինելուց: Իհարկե, ասել, թե այդպես էլ չխորացող այդ հարաբերություններում նկատվող այս՝ ոչ այնքան մեծ տեղաշարժը պայմանավորված է բացառապես Հակոբյանի անձով կամ գործունեությամբ, ոչ մի կերպ չի կարելի, հարցը, սակայն, թե որն է սույն նախարարության գոյության իմաստն ու նպատակը մի պարագայում, երբ դրա աշխատանքի արդյունքն այնքան էլ նկատելի չէ, ևս մնում է բաց. «Արի տուն»-ից այն կողմ, ցավոք, մեր ֆանտազիան այդպես էլ չի անցնում, որը, համաձայնե՛ք, չափազանց քիչ է ներկա աշխարհում համապատասխան ոլորտի խնդիրներին հիմնահենքային լուծումներ տալու:

Մի ժամանակահատվածում, երբ հատկապես մերձավորարևելյան հայկական գաղթօջախները բախվում են չտեսնված դժվարությունների ու ենթարկվում անհաղթահարելի փորձությունների, Սփյուռքի նախարարության իմաստն ու նշանակությունը հետզհետե ձեռք է բերում է՛լ ավելի մեծ կարևրություն՝ դադարելով ընկալվել որպես բացառապես Հրանուշ Հակոբյանին անգործության չմատնելու նպատակով ստեղծված կառույց, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ իշխանությունները պետք է շատ ավելի պահանջկոտ ու հետևողական լինեն նախարարության նկատմամբ՝ պահանջելով դրա ղեկավարությունից կոնկրետ արդյունքներ, շոշափելի ձեռքբերումներ. հայությունն աղետի մեջ է, ու Հրանուշ Հակոբյանը պարտավոր է ադեկվատ պատասխան գտնել այն բոլոր մարտահրավերներին, որոնք ծառացել են սփյուռքահայերի առջև:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ