Երեկ գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն է եղել՝ լսել ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները, քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, և այն, թե կառավարությունն ինչ ձևով կարող է աջակցություն ցուցաբերել նրանց:
Վարչապետի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ, «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ Սաիդ Ավդալյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սաիդ Ավդալյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի հետ հանդիպումից, մասնավորապես, Ավդալյանը նշեց, որ հանդիպման ընթացքում ինքն անձամբ բարձրացրել է համայնքին հուզող կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ:
«Ես վարչապետին առաջարկեցի եզդիների և ընդհանրապես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար բուհերում սովորելու ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել: Այսօր խնդիր կա հատկապես անվճար տեղերի հարցում, օրինակ, ամբողջ եզդիական համայնքին, որը վերջին մարդահամարի տվյալներով՝ կազմում է ավելի քան 35.000 մարդ, տրվում է ընդամենը 1-2 անվճար տեղ: Կան բազմաթիվ եզդի ուսանողներ, ովքեր բարձր առաջադիմություն ունեն, սակայն ուսման վարձի վճարման խնդիրներով պայմանավորված՝ չեն կարողանում ուսումը շարունակել: Վարչապետն անձամբ իր մոտ գրի առավ, հույս ունեմ՝ նա գրի առածը կվերընթերցի և բարձրացված խնդրին լուծում կտա»,- ասաց Սաիդ Ավդալյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ ինքն առաջարկել է նաև ԵՊՀ-ի արևալգիտության ֆակուլտետում ստեղծել եզդիագիտության հատուկ ամբիոն, որտեղ կուսուցանվի եզդիերեն գիր ու գրականություն, պատմություն, և կանցկացվեն կրոնի դասեր:
Բարձրացվել է նաև եզդիաբնակ և եզդիական գյուղերի բնակվելու համար անբարենպաստ պայմանների բարելավման խնդիրներ, որը ստիպում է եզդիական համայնքին արտագաղթել Հայաստանից, հատկապես խնդիրը վերաբերվում է՝ ոռոգման և խմելու ջրին, ասֆալտապատմանը, գազամատակարարմանը, էլեկտրաէներգիայի ցածր լարմանը:
«Վարչապետն իր օգնականներից մեկին հանձնարարեց զբաղվել այդ խնդիրների լուծմամբ՝ կոորդինացնելով դրանք մեր կազմակերպության հետ»,- ասաց Ավդալյանը:
Մեր այն դիտարկմանը, թե հանդիպումից հետո եզդիական համայնքի որոշ ներկայացուցիչներ դժգոհել են հանդիպմանն իրենց չհրավիրելու առթիվ, Սաիդ Ավդալյանը պատասխանեց. «Ով պետք էր, այնտեղ էր: Համայնքի հետ կապված բոլոր հարցերը մեր ՀԿ կողմից բարձրացվել են ու բարձրացվելու են նաև հետագայում»: