Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ գազի համաձայնագրի կնքման հարցի շուրջ «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների հետ իր հանդիպումն ավարտվել է անարդյունք:

 

«Ամեն տարի համաձայնագիր է ձեւակերպվում: Դա տարանցմանը վերաբերող պայմանագիրն է: Մասնավորապես, նրանց կողմից առաջարկվեց դրամական վճարման անցնել տարանցման դիմաց: Այդ առաջարկությունն անընդունելի է մեզ համար, մենք միշտ կպաշտպանենք մեր դիրքորոշումն ու մեր երկրի շահերը»,-դեկտեմբերի 15-ին լրագրողներին ասել է Կալաձեն:

 

Վրաստանին գազի հիմնական մատակարարը Ադրբեջանն է: Սակայն Վրաստանը Ռուսաստանից ստանում է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի 10 տոկոսը՝ որպես դրա տարանցման վճար: Հանրապետությունը ռուսական գազ չի գնում 2007 թվականից: 2016 թվականի մարտին վրացական կողմը եւ «Գազպրոմը» երկարատեւ բանակցություններից հետո ձեւակերպեցին նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կշարունակի ստանալ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի 10 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: