ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: 

 

-Պարոն Մարտիրոսյան, Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Նրանք քննարկել են միությանը Հայաստանի անդամակցության հարցը և տնտեսության վրա ունեցած ազդեցությունը: Արդեն 10 օր հետո Սանկտ Պետերբուրգում ամփոփվելու են արդյունքները: Առաջ ընկնելով՝ փորձենք ամփոփել: Ի՞նչ տվեց Եվրասիական միությանն անդամակցությունը և ի՞նչ չտվեց: 


-Ինչ տվեց... դրական առումով՝ ոչինչ չտվեց: Բացասական առումով՝ տնտեսությունն  ավելի վատթար վիճակի մեջ հայտնվեց՝ հերիք չէ, լավ հեռանկարից էլ զրկվեցինք՝ ի դեմս ազատ առևտրի և ասոցացման պայմանագրերի, որի պարագայում, միանշանակ, այլ վիճակում կհայտնվեինք: Դրան գումարած՝ մենք բավական արդյունավետ համակարգ կունենայինք: Խոշոր հաշվով՝ ԵԱՏՄ 1,8-1,9 տրիլիոնանոց շուկա մտնելով, մենք կորցրեցինք 18 տրիլիոն դոլարանոց շուկան: Արդյունավետության առումով՝ այդ շուկան ավելին էր: Մենք չկարողացանք, չէինք էլ կարողանալու մեր ապրանքները մեծ հաշվով արտահանել ԵԱՏՄ շուկա: Ավելին՝ ծավալներն անկում են ապրել այնտեղի ճգնաժամի պատճառով: Դրա համար՝ խոսել ԵԱՏՄ-ի առավելությունների մասին, սխալ է: Մենք եթե ազատ առևտրի պայմանագիրը ստորագրեինք, ապրանքաշրջանառությունն ավելի մեծ կլիներ, ներդրումները՝ ևս: Դա կորստի ժամանակահատված էր: Իսկ ինչ ձեռք բերեցինք... ձեռք բերեցինք իշխանության երկարաձգում: Սերժ Սարգսյանի և իր թիմի համար, կարող է, շատ լավ էր, բայց Հայաստանի համար շատ վատ էր: 

 

-Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ «ցավոք, անդամակցությունը համընկավ միջազգային տնտեսական գործընթացների հետ, որոնք բացասաբար ազդեցին երկրի տնտեսության վրա, և մեր քաղաքացիների վերաբերմունքը Եվրասիական տնտեսական միությանը՝ դեռևս, մեղմ ասած, սպասողական է, թեև չանդամակցելու պարագայում, ես վստահ եմ՝ բացասական մոտեցումներն ավելի շատ կլինեին»: Արդյո՞ք սա ակնարկ է, որ ինքը դժգոհ է միությունից: 


-Ոչ մի նման ակնկալիք չի եղել, քանի որ բոլոր անկախ տնտեսագետները ցույց տվեցին, որ այդպես լինել չի կարող: Խոսել, որ մենք ինչ-որ բան էինք ակնկալում և չեղավ, սխալ է: Ընդամենը իշխանությունը պահելու խնդիր էր, որը և իրականացվեց: Հերթական անգամ Հայաստանի շահերի հաշվին իր իշխանությունը երկարաձգեց: Իսկ դժգոհության մասով ասեմ՝ հիմա ընտրություններ են սպասվում և հերթական խաղն է եվրոպացիների հետ ջերմանալու: Ռուսաստանի կողմից ինչ փաստաթուղթ դրվում է Հայաստանի առաջ, ստորագրվում է: Շոուն շարունակվում է: Ֆրեդի Մերկուրին ասում էր՝  show must go on...

 

-Այսինքն՝ կարող ենք փաստել, որ անդամակցությունն այդ կառույցին՝ ոչ մի բան չտվե՞ց Հայաստանին: 


-Հենց իշխանություններն էին այն ժամանակ ասում, որ անվտանգության նկատառումներով են մտնում ԵԱՏՄ: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դա էլ էր սուտ: Ոչ միայն ապրիլյան պատերազմն, այլև՝ այն, որ Ռուսաստանն անխնա զինում է Ադրբեջանին: Այնպես որ, այստեղ իշխանությունը պահելու խնդիր էր և վերջ: 

Քրիստինա Աղալարյան