Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլիին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների միջև ձևավորված սերտ ու արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու, ժամանակակից մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու տեսանկյունից:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության միջև համագործակցության ամրապնդման մասին» հռչակագիրը կնշանավորվի իր արդյունավետությամբ:

Ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը միայն բարեկամ պետություններ չեն, այլ ունեն դարավոր բարիդրացիական կապեր, Նախագահ Սարգսյանը նշել է, որ բարեկամության ամրապնդման նպատակով անհրաժեշտ է շարունակաբար աշխատել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հատկապես վերջին տարիներին ակտիվ ու դինամիկ զարգանում է հայ-վրացական քաղաքական երկխոսությունը, որին զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակի, այդ թվում իրավապահ համակարգի մարմինների ներկայացուցիչների փոխայցելություններն ու շփումները, որոնք հնարավորություն են ընձեռում կառուցողական ու ջերմ մթնոլորտում քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցեր:

Ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին ՀՀ Նախագահին է փոխանցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի ջերմ ողջույնները և գոհունակությամբ փաստել հայ գործընկերների հետ ձևավորված փոխադարձաբար օգտակար և արդյունավետ համագործակցությունը: