Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը դարձել է ճարտարապետների, քանդակագործների և շարքային քաղաքացիների քննարկումների առարկա: Նորակառույց եկեղեցու կողքին գտնվող միջնադարյան փոքրիկ մատուռի վրա տեղադրվել է նոր ապակյա դուռ՝ արդիական լուծումներով:
Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն իր դժգոհությունն արտահայտեց՝ նշելով, որ արդիական ճարտարապետությունը վերցնել և կարկատել միջնադարյան ճարտարապետության հետ, ուղղակի խայտառակություն է:
«Գժվել են: Ինչպե՞ս կարելի է միջնադարյան մատուռի վրա ապակյա դուռ տեղադրել: Վստահ եմ՝ ոչ մի ճարտարապետ նման հիմարություն չէր անի: Դա մասնագետի ձեռքի գործ չէ, թեպետ, մեր երկրում ո՞վ է մասնագետին լսում, հատկապես՝ եկեղեցականները. նրանք մասնագետներին լսողը չեն: Դե, եթե այդպես է, թող մատուռի ներսի կահավորումն էլ դարձնեն արդիական, թող այսօրվա կառուցած եկեղեցիների վրա էլ տեղադրեն այդպիսի ապակյա դռներ: Ի դեպ, ես ուշադիր հետևում եմ ժամանակակից եկեղեցիներին. նրանցից ոչ մեկի վրա ապակյա դուռ չկա»:
Ըստ քանդակագործի՝ աշխարհում ոչ մի տեղ չկա նման բան, որ արդիական ճարտարապետությունը ձուլեն միջնադարյան ճարտարապետության հետ. այդ մատուռի վրա պետք է դրվեր փայտյա դուռ, որը համահունչ կլիներ եկեղեցու ընդհանուր տեսքին և ավելի գեղեցիկ տեսք կունենար: «Նայե՛ք Քյոլնի տաճարը, ուսումնասիրե՛ք Փարիզի Աստվածամոր տաճարը, ինչի՞ նման կլինի, եթե գնանք-տեսնենք՝ Էջմիածնի Մայր տաճարում էլ կա նման ապակե դուռ, կամ, ասենք, Հռիփսիմեի տաճարի վրա է նման մի բան տեղադրվել, թեպետ, վստահ եմ, այդ ժամանակ ժողովուրդը կհավաքվեր և սարքողի գլուխը կջարդեր»,-խոսքը եզրափակեց քանդակագործը՝ հավելելով, որ նման մոտեցումները դիլետանտիզմի և խայտառակության արդյունք են:
Աղավնի Սուքիասյան