Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ «տետ-ա-տետ» հանդիպման ժամանակ արել է ստեղծված քաղաքական նախաճգնաժամային իրավիճակից դուրս գալուն ուղղված երեք առաջարկ և երեքի պարագայում էլ մերժում ստացել:
Րաֆֆի Հովհաննիսյանն այդ առաջարկները չէր քննարկել Ազատության հրապարակում հավաքված զանգվածների հետ: Դրանք ոչ թե հանրահավաքի, այլ իր, միգուցե նաև «Ժառանգություն» կուսակցության առաջարկներն էին: Դժվար է ասել՝ եթե դրանք նախապես քննարկված և ձևակերպված լինեին հրապարակում, այնտեղ հավաքված բազմությունը դրանց հավանություն կտա՞ր, որովհետև թեև երեք առաջարկներից մեկը կապիտուլյացիոն էր իշխանության համար, մյուս երկուսը՝ փոխզիջումային:
Հովհաննիսյանը նախագահական էր գնացել՝ անգամ չպարզելով՝ իր ետևից գնացողներն ընդհանրապես պատրա՞ստ են իշխանության հետ որևէ փոխզիջման:
Բայց բողոքի դուրս եկած զանգվածը դա չնկատելու տվեց: Ավելին, այդ զանգվածը Ազատության հրապարակից չգնաց անգամ այն ժամանակ, երբ նախագահականից դուրս գալուց հետո Հովհաննիսյանը բոլորին առաջարկեց տուն գնալ՝ հաջորդ օրը հավաքվելու հաստատակամությամբ: Դրանով այդ զանգվածը պարզորոշ ցույց տվեց, որ ոչ թե ինքն է գնում Հովհաննիսյանի ետևից, այլ ստիպում է, որ վերջինս գա իր ետևից, ոչ թե «Ժառանգությունն» է մշակում խաղի էական կանոնները, այլ հրապարակը:
Այսինքն՝ սա ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ զանգվածների սկսած գործընթացն է: Եվ հենց սրանով էլ այս շարժումը հստակորեն տարբերվում է նախորդ բողոքի նմանատիպ բոլոր ակցիաներից ու պրոցեսներից:
Այս բազմության համար ոչ մի նշանակություն չունի՝ ինչ է պայմանավորվել Հովհաննիսյանը նախագահի հետ, պայմանավորվել է ընդհանրապես որևէ բան, թե ոչ: Նա իշխանություններից պահանջատեր է նույնքան, որքան արդեն նաև Հովհաննիսյանից: Եթե դա նշանակություն ունենար, ապա նրանից պետք է գոնե պահանջեին պարզաբանել, թե ինչ է Սերժ Սարգսյանն իր հերթին առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին, և որքանով են դրանք ընդունելի կամ անընդունելի եղել վերջինիս համար: Մինչդեռ հարցադրումներ չկան. կա միայն գործընթաց, և Հովհաննիսյանը պարզապես հայտնվել է այդ հեղեղի առջևում, որին շարունակաբար ստիպում են առաջ մղվել:
«Ժառանգության» ղեկավարը փաստացի ոչ այնքան լիդերի, դրոշակակրի դեր է ստանձնել, որքան հենց դրոշակի, մի սիմվոլի, որի մարդկային արժանիքները, ընդհանուր արժեհամակարգը և ամենակարևորը՝ պարզությունը ստեղծել են հանրության ինքնադրսևորման հիանալի մի միջավայր, որտեղ տոն է տալիս ոչ թե հասարակությանը շերտավորելու, օտարների ու յուրայինների բաժանելու, այլ բոլորին միավորող Հայաստանի և Հայաստանի քաղաքացու գաղափարախոսությունը:
Եվ նույն կերպ, ինչպես դրոշակի անկումը զորքի մոտ համատարած տագնապ ու նույնիսկ հիասթափություն առաջացնելով, ոգին կոտրելով հանդերձ՝ չի հանգեցնում ողջ պատերազմը տանուլ տալուն, այնպես էլ հիմա առավել քան պարզ է, որ Րաֆֆիի հնարավոր նահանջը կարող է չկասեցնել այս շարժընթացը: Այն կարող է ձևափոխվել, տրանսֆորմացվել, մակրո մակարդակից մտնել միկրո տիրույթ, բայց կանգ առնել այլևս չի կարող: Եվ դա ունի երկու հիմնական պատճառ. առաջինը, որ այս շարժումը տանում է այլևս կազմավորված, ձև ու բովանդակություն ձեռք բերած քաղաքացիական գիտակցությունը, և երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից այդ գիտակցությունը խեղդելու, իր անձնական, մասնավոր ամբիցիաներին ծառայեցնելու փոխարեն դրանց վրա հիմնվելու, ինչ-որ տեղ դրան տրվելու ակնհայտ տրամադրվածությունը:
Այս հանգամանքը ստիպում է հետագա մարտավարությունը կառուցել բացառապես հանրային պահանջների հենքի վրա, որոնք այս պահին տեղայնացվել են ընտրական իրավունքի պաշտպանության շրջանակում: Հովհաննիսյանի հիմնական խնդիրն այլևս ոչ թե այդ շարժման ղեկավարման մասին մտածելն է (իրականում առայժմ այն ինքնակառավարվում է), այլ մի կողմից դրա ծավալման համար ավելի ու ավելի մեծ դաշտ ապահովելու, մասամբ կոորդիացնելու, իսկ մյուս կողմից՝ վերահսկելու և առավել քան հնարավոր պրովոկացիաներից ու սադրանքներից պաշտպանելու մեխանիզմներ մշակելը:
Այս իմաստով Հովհաննիսյանը երեք կարևոր խնդիր ունի լուծելու: Առաջինը՝ ի վերջո, հստակ ձևակերպելն է, թե որն է հիմնական նպատակակետը, և ինչ միջոցներով է առավել ճիշտ դրան հասնել: Մեկ բան է՝ առաջարկել նախագահին հանձնել իշխանությունը՝ առանց բացատրելու, թե իրավական ինչ գործընթաց է դա ենթադրում, մեկ այլ բան է պահանջել նոր ընտրություններ կամ նախագահի պաշտոնանկություն, հրաժարական՝ այս կամ այն հիմքով:
Մյուս կողմից՝ մի բան է հայտարարել մինչև վերջ գնալու վճռականության մասին, մեկ այլ բան՝ ներկայացնել դա հիմնավորող գործողությունների կոնկրետ պլան կամ առնվազն ներշնչել հասարակությանը, որ այդ պլանն առկա է և գործադրվում է ըստ էության: Քանի դեռ այս հստակեցումները չեն արվել, շարժումը մնալու է ներկայիս մի տեսակ քաոսային, պտտահողմ հիշեցնող ինչ-որ անկանոն երևույթի մակարդակի վրա, որը չի կարող որևէ կոնկրետ խնդիր լուծել:
Երկրորդ՝ «Ժառանգության» առաջնորդի խնդիրը հնարավորինս լայն քաղաքական ու քաղաքացիական կոնսոլիդացիա ապահովելն է՝ միմիայն մեկ՝ քաղաքացիական իրավունքների և պետական ինստիտուտների կողմից այդ իրավունքները պաշտպանելու և հարգելու խնդրի շուրջ: Գործնականում նման կոնսոլիդացիա ապահովելու այլ ռեսուրս նա չունի էլ, եթե նկատի առնենք, որ թե՛ տնտեսական և արտաքին քաղաքականության, թե՛ մնացած այլ հարցերի հետ կապված Հովհաննիսյանի ծրագրային ու գաղափարական դիրքորոշումները շատերը համարում են ռիսկային:
Այս իմաստով կարևոր քայլ էր ՀՅԴ-ի, թեկուզ առայժմ սիմվոլիկ միացումը: Ընդ որում, ՀՅԴ-ն հստակ սահմանազատեց, որ միանում է ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ սկսված քաղաքացիական շարժմանը և միանում է առայժմ որպես մասնակից, և այդ ձևաչափը կարծես թե լիովին բավարարում է Հովհաննիսյանին: Էական էր նաև ՀԱԿ-ի նախկին էլեկտորատի միացումն այս շարժմանը, ինչը ցույց է տալիս, որ ի տարբերություն արդեն իսկ վախճանված Կոնգրեսի՝ նրա էլեկտորատը հավատարիմ է մնացել նախնական իդեալներին ու նպատակադրումներին:
Ինքնին այն հանգամանքը, որ «Ժառանգությունը» միտումնավոր անտեսում է ԲՀԿ-ին, ոչ միայն ցույց է տալիս նրա թողած դիրքերը վեցնելու հարցում ունեցած շահագրգռությունը, այլև շարժման վրա ԲՀԿ-ի ներգրավմամբ ստվեր չգցելու միտումը: Մանավանդ որ ԲՀԿ-ն, ինչպես ակնհայտ է դառնում նրա՝ այսօր հրապարակած հայտարարությունից, ավելի շատ առաջարկում է շարժումը տրանսֆորմացնել իշխանության հետ ինչ-որ արմատական բարեփոխումների շուրջ պայմանավորվածությունների, որը բոլոր ժամանակներում եղել է պարզապես ավելորդ ժամավաճառություն:
ԲՀԿ-ի այս հայտարարության տողատակերում ավելի շատ կարելի է տեսնել «բարեփոխումների պլանի» շուրջ գործակցության առաջարկ՝ ուղղված ՀՀԿ-ին: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, ապա վերջինս, խիստ պրագմատիկ մոտեցում ցուցաբերելով, այնուամենայնիվ, չի ուզում այրել կամուրջները շարժման հետ՝ երկրորդական համարելով Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնը:
Երրորդ՝ որքան էլ այս շարժումը լինի քաղաքացիական, այն չի կարող քաղաքական աստառ չունենալ և չքաղաքականացվել, որովհետև նրա նպատակադրումները ռեալիզացնելու այլ սահմանադրական տարբերակ ուղղակի գոյություն չունի: Իսկ դա ենթադրում է շարժման գոնե համակարգման ֆորմալիզացում, այսինքն՝ գոնե համակարգող մարմնի ձևավորում՝ ոչ միայն կենտրոնացված ձևով որոշումներ կայացնելու, այլև դերակատարների և նրանց պատասխանատվության շրջանակը հստակեցնելու համար:
Սակայն, ի տարբերություն ՀԱԿ-ի, այդ մարմինը կարող է կենսունակ լինել միայն այն դեպքում, եթե ստեղծվի ոչ թե անձի շուրջ և անձնապաշտության սկզբունքով, այլ հասարակական-քաղաքական իրական կոնսենսուսի, և ոչ թե գլխաքանակ ապահովելու, այլ որակ ստեղծելու առաջնայնությամբ: