ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում երգիչ-երգահան Վահան Արծունին հայտնեց, որ մինչ այս պահը ԱԱԾ-ից որևէ զանգ չի ստացել, նորություն չկա և չի էլ ենթադրվում: «Ինձ հարցաքննության կանչելու գործընթացը կանգ առավ ՄԻՊ Արման Թաթոյանի վերջին հարցազրույցով, որտեղ նա ասաց, որ ինձ ԱԱԾ կանչելը եղել է ոչ թե հարցաքննություն, այլ՝ ուղղակի հարցում: Եթե, ընդհանրապես, մեր երկրում փակված թեմաներ կան, կարելի է ասել, որ այդ թեման փակված է»:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ երգահան Վահան Արծրունին և քանդակագործ Հարութ Կարապետյանը հրավիրվել էին ԱԱԾ՝ «մտերմիկ զրույցի», ինչից հետո երգահանը տարածել էր հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում էր. «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ենթարկվել եմ քաղաքական ճնշման ուժային կառույցի՝ ԱԱԾ-ի կողմից, որը որդեգրելով սովետական ԿԳԲ-ին հատուկ պրակտիկաներ, իմ սահմանադրական իրավունքների և ազատությունների կոպիտ խախտմամբ և, օրենքով սահմանված իրենց լիազորություններից դուրս գործողություններով, ստիպում են ինձ որակել իմ հետ կատարվածը՝ որպես քաղաքական հետապնդում, իրավունքներիս ոտնահարում և ակնհայտ սպառնալիք»։

 

Այս առիթով պարզաբանումներ ստանալու համար մենք կապ էինք հաստատել ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանի հետ: Վերջինս հաստատել էր, որ նշված անձինք հրավիրվել են ԱԱԾ. «Այո, հրավիրվել են: Ոչ մի մեկնաբանություններ և պարզաբանումներ չեմ կարող տալ,- ասել էր Սամսոն Գալստյանը՝ հրաժարվելով պատասխանել հարցերին, թե ինչո՞ւ են մարդիկ հրավիրվում հարցազրույցի հենց ԱԱԾ:

 

Աղավնի Սուքիասյան