ԱՄՆ-ի ապագա վարչակազմում առաջին տիկնոջ գրասենյակը կվերանվանվի առաջին ընտանիքի գրասենյակ: Ընդ որում Սպիտակ տանը պաշտոնական գործառույթները կհամատեղեն նորընտիր նախագահի դուստրը՝ Իվանկան, եւ նրա կինը՝ Մելանյան: Նրանք Թրամփի համար ամենաթանկ մարդիկ են: Այդ մասին հունվարի 11-ին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետականի անցումային շտաբի աղբյուրներից ստացված տեղեկատվությունը:

Ավելի վաղ Իվանկա Թրամփը հայտարարել է, որ որոշել է թողնել Trump Organization ընտանեկան ընկերության փոխնախագահի պաշտոնը եւ ուշադրությունը կենտրոնացնել Վաշինգտոնում ընտանիքի հաստատման վրա: The New York Times (NYT) թերթի տեղեկատվության համաձայն, Իվանկան, «համենայնդեպս առայժմ» պաշտոն չի փնտրելու հոր ապագա վարչակազմում կամ Սպիտակ տան բազմաթիվ խորհրդականների թվում:

Ինչպես հայտնել է Washingtonian հանդեսը, Իվանկա Թրամփը եւ Ջարեդ Քուշները բնակվելու են մայրաքաղաքի Կալորամա հեղինակավոր շրջանում՝ այն վայրից ոչ հեռու, որտեղ իշխանական լիազորությունների ժամկետի լրանալուց հետո որոշել է տեղավորվել ԱՄՆ-ի վարչակազմի ներկայիս ղեկավար Բարաք Օբաման:

35-ամյա Իվանկան թողարկում է ոսկերչական զարդերի, կոշիկի եւ աքսեսուարների սեփական շարքերը: Նա ակտիվորեն օգնում էր հորը ընտրարշավն անցկացնելիս՝ այդ թվում ակտիվորեն մասնակցելով քարոզչական հանրահավաքներին եւ հրապարակային ելույթներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: