ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արևհատ Շ.-ի կողմից կատարած սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործը, որով վերջինս ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ,-այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

 

Դեռևս նախորդ տարի բանկային փաստաթուղթ կեղծելու համար քննչական մարմնի կողմից մեղադրանք էր առաջադրվել Արևհատ Շ.-ին: Վերջինս, սակայն, որպես մեղադրյալ լրացուցիչ ցուցմունք էր տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Արա Ա.-ն և նույն բաժանմունքի պետ Արամ Վ.-ն իրենից բացատրություն վերցնելիս ուղղորդել են, որ ընդունի, իբր, իր կողմից չկատարած բանկային փաստաթուղթ կեղծելու հանգամանքը: Ըստ Արևհատ Շ.-ի՝ ոստիկանները հավաստիացրել են, որ այդ կերպ գործի ընթացքը հօգուտ իրեն կլուծվի, ուստի ինքը համաձայնվել է և բացատրությունը գրել նրանց թելադրանքով: Թեպետ Արևհատ Շ.-ն նախապես նախազգուշացված է եղել սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, այդուհանդերձ, նույնաբովանդակ կեղծ ցուցմունք է տվել նաև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

 

Ծառայությունում իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արևհատ Շ.-ի հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, այսինքն' վերջինս հետաքննություն կատարող անձանց անհիմն մեղադրել էր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Ըստ այդմ' հիշյալ դեպքով հարուցված գործը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

 

Արևհատ Շ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

 

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: