Անցած տարվա ավարտին՝ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ:

 

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել էին ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ էր շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ: Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրեց կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվեցին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: 


ՀՀ ՊՆ-ն դեպքից հետո հայտարարեց, որ Զինված ուժերի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ, քանի որ ադրբեջանական կողմը հայտարարում էր, թե իբր հայկական կողմն է նախահարձակ եղել: 

 

Դիվերսիոն փորձի հենց հաջորդ օրը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Գեղարքունիքի մարզային ներկայացուցիչները մեկնեցին Չինարի՝ փաստահավաք առաքելությամբ: Ինչու Գեղարքունիքի մարզային ներկայացուցիչները, որովհետև ՄԻՊ-ը Տավուշի մարզում ներկայացուցիչ կամ գրասենյակ չունի, ինչը, պաշտպանի գնահատականով, կարևոր խնդիր է և անհապաղ լուծման կարիք ունի: 

 

Այսօր, լրագողների հետ հանդիպման ժամանակ՝ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրեց իրենց փաստահավաք խմբի ձեռք բերած տվյալները, ապացույցներն այն մասին, որ ադրբեջանական կողմը Չինարիում կոնկրետ թիրախավորում է բնակիչները տները, դպրոցը, մանկապարտեզը: Խմբի անդամներն այցելել են Չինարի, զրուցել գյուղապետի, բնակիչների հետ, լուսանկարել այն տները, որոնց վրա կային արկի հետքեր, դպրոցի պատերի վրա կրակեհերթերի հետքեր, մանկապարտեզի ապակիների վրա՝ կրակոցներից առաջացած անցքեր: Արման Թաթոյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ իրենց ապացույցները չեն կարող ներկայացվել իբրև կեղծ լուսանկարներ կամ փաստեր: 


Պաշտպանի խոսքով՝ այս հատուկ զեկույցն առաջիկա օրերին ներկայացվելու է միջազգային կառույցներին: Իսկ թե ինչ գնահատական է սպասում միջազգային կառույցներից, Թաթոյանը կոռեկտ չհամարեց բարձրաձայնել. «Չեմ ուզում իմ սպասելիքները բարձրաձայնելով՝ կաշկանդել միջազգային գործընկերներին»: Նա հստակ շեշտեց՝ ադրբեջանական կողմը թիրախային հարձակումներ է կատարում: Գյուղի ուղղությամբ կրակոցներ են արձակվել հունվարի 3-ին, 8-ին և 13-ին, որոնք ևս փաստահավաք խումբն արձանագրել է: 

 

Իսկ թե այս զեկույցն ինչ իրավական ուժ կստանա հետագայում՝ Պաշտպանն ասաց՝ եթե որոշվի իրավական գործընթաց սկսել, փաստաբանները կարող են հիմնվել այս ապացույցների վրա: 

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում: 

 

Քրիստինա Աղալարյան


Տեսաֆիլմ՝ Չինարիից