Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը պատասխանել է NEWS.am-ի հարցերին.
Պարոն Խլղաթյան, փետրվարի 25-ին ավագանու նիստում Դուք հրաժարականի դիմում եք ներկայացրել: Ո՞րն էր Ձեր նման քայլի պատճառը:
Դա բացառապես իմ անձնական որոշումն է: Հաշվի առնելով ընտրությունների արդյունքները' ես համարում եմ, որ այս դեպքում իմ կողմից հրաժարական ներկայացնելը պարզապես բարոյական քայլ է: Հարկադրանքի կամ, ինչպես մամուլում շրջանառվում է, «պատժելու» մասին այստեղ խոսք անգամ լինել չի կարող: Այն, որ լինելով ՀՀԿ անդամ, իմ ղեկավարած քաղաքում ՀՀԿ թեկնածուն անհրաժեշտ ձայներ չի ստանում, համարում եմ նաեւ իմ թերացումը:
Այդուհանդերձ, ո՞րն էր պատճառը, որ Ձեր ղեկավարած քաղաքում, փաստորեն, Ձեր կուսակցության թեկնածուն պարտություն կրեց:
Գիտեք, ինչ էլ հիմա ասեմ, շատ էմոցիոնալ է լինելու: Իրականում, կարծում եմ, այս ամենը վերլուծելու, պատճառները, թույլ տրված սխալներն ու բացթողումները հասկանալու համար ժամանակ է անհրաժեշտ: Այո, անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ նման արդյունքներ չէի սպասում, եւ ինձ համար իսկապես շատ կարեւոր է պատճառների վերլուծությունը: Դա, կարծում եմ, անհրաժեշտ է նաեւ Արմավիր քաղաքում հետագայում աշխատանքներն ավելի ճիշտ կազմակերպելու համար:
Ենթադրվում է, որ կառավարության հաջորդ նիստում Ձեր հրաժարականը կհաստատվի, կնշանակվեն նոր ընտրություններ:
Ես, ինչպես արդեն ասացի, կատարել եմ այն, ինչ բարոյական եմ համարում: Մնացածի վերաբերյալ արդեն կառավարությունը պետք է որոշում կայացնի: Ինչպիսի որոշում էլ լինի' ես պատրաստ եմ ընդունել այն: