Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հունվարի 18-ին հանդիպում ունեցավ Չեխիայի Հանրապետության մարդու իրավունքների, հավասար հնարավորությունների և օրենսդրության նորանշանակ նախարար, կառավարության օրենսդրական խորհրդի նախագահ, Յան Խվոյկայի հետ, ով նաև Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց պատգամավորին նախարարի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ ավանդական համագործակցությունը կշարունակվի նաև պարոն Խվոյկայի՝ նոր պաշտոնը ստանձնելուց հետո։
Հանդիպման ընթացքում քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: ՀՀ դեսպանն իր խոսքում անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ՀՀ ջանքերին: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռնարկվող քայլերի համատեքստում դեսպան Սեյրանյանը միաժամանակ ներկայացրեց Հայաստանում մարդու իրավունքներին, խոսքի և մամուլի ազատության վիճակին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերը:
Իր հերթին պարոն Խվոյկան խոսեց տվյալ ոլորտներում Չեխիայում առկա վիճակի, խնդիրների, ինչպես նաև ձեռնարկվող քայլերի մասին: