ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով մշտական կապի մեջ է Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբանների հետ, նրանցից ստացել է Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի որոշման քաղվածքը, համաձայն որի՝ մտադիր են Լապշինին արտահանձնել Ադրբեջանին: Զոհրաբյանի հայտարարության մեջ նշվում է.

«Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10 օրյա ժամկետում։ Որոշումը դեռ չեն տրամադրել Ալեքսանդր Լապշինի փաստաբաններին։ Վերջիններիս հաջողվել է քաղվածք կատարել որոշումից։ Փաստաբանների պալատի կողմից ստեղծված աշխատանքային խումբը աշխատում է այս հարցով և իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին։ Ալեքսանդր Լապշինը մեր պաշտպանության կարիքն ունի։ Բոլոր իրավաբան և լրագրող գործընկերներիս կոչ եմ անում միանալ Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը»։

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց: