Գոհար Մարտիկյանի՝ Արցախյան հերոսամարտին նվիրված «Ապրելու բանաձև» պատմա-վավերագրական մատենաշարի 10-րդ հատորում ներառված են Ապրիլյան պատերազմի հերոսների պատմությունները։ Գրքի հեղինակը մեկ առ մեկ հանդիպել ու զրուցել է զոհված զինծառայողների ծնողների հետ ու գրի առել նրանց պատմածները: Գրքի շնորհանդեսին ներկա էին հենց այս հերոսների ծնողները, իսկ դահլիճում զգացվում էր հերոսների շունչը:

 

Ապրիլյան հերոսամարտում զոհված Արամ Աբրահամյանը ծառայել է Ջաբրայիլում, եղել է հրաձիգ:

 

«Վերջին անգամ իր հետ խոսել եմ ապրիլի 2-ին, իսկ ամսի 4-ին եղբորն էր նամակ գրել: Ապրիլի 5-ին իմացանք, որ նման բան է եղել, սակայն դեպքը տեղի էր ունեցել ամսի 4-ին: Նրա ամեն ժպիտը, ամեն մանրուքը մեզ՝ ծնողներիս համար՝ ամեն ինչ է: Ես պարծենում ու հպարտանում եմ, որովհետև նա մահացավ հերոսի մահով: Իմ երեխու հետ շատ երեխեք են եղել հենց նույն պահին, ովքեր ևս մահացել են: Նրանց ծնողների հետ կապվում ենք, փորձում ենք կիսվել, մխիթարվել: Ինչպես մեր երեխաները կշփվեին իրար հետ, հիմա մենք ենք այդ կապը պահում»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Աբրահամյանի մայրը՝ տիկին Նարգիզը:

 

Ծնողներն անգամ չեն կարողանում պատկերացնել՝ այդ տարիքի երիտասարդն ինչպես կարող էր մինչև վերջ պայքարել:

 

Որդուն կորցրած մոր սփոփանքը վառ ու անմար հիշողություններն են. «Ամեն դեպքում, Աստված մեզ ուժ է տալիս»,- հպարտորեն ասաց Նարգիզ Աբրահամյանը:

 

Սոնա Հարությունյան 

Նարեկ Ավանեսյան