«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ քանի որ Հայաստանում ընդդիմություն չկա, ինքն այսօր մեկ այլ քաղաքական ուղի է որդեգրել.
«Ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ իմ ձայնը տալու եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը՝ այսուհետ տեսնելով ընդդիմադիր դաշտի դատարկությունը և անլրջությունը, իր քաղաքական ուղին ուզում է տեսնել այն առողջ հանրապետական գործիչների հետ, ովքեր այսօր ուզում են գնալ փոփոխությունների ճանապարհով»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Անի Զախարյանը:
Անի Զախարյանի կարծիքով՝ «ընդդիմադիր դաշտն ունայն է և ուրիշ տարբերակ չի մնում»:
Հիշեցնենք՝ Անի Զախարյանը դեռևս տարիներ առաջ՝ քաղաքական դաշտ մտնելու օրվանից, հանդես է եկել որպես ընդդիմադիր: Իսկ նրա ղեկավարած Հայաստանի «Նոր Քաղաքական Մշակույթ» կուսակցությունը մուտք էր գործել հայաստանյան իրականություն՝ դառնալու ոչ թե մեկ առանձին կուսակցություն, այլ բավականին լուրջ առաքելությամբ՝ ընդդիմադիր դաշտը միավորելու սկզբունքով: