Այսօր Երևանում կայացավ հայ-իրանական գործարար համաժողով, որի նպատակն էր քննարկել և վեր հանել Իրանի և Հայաստանի միջև գործարար կապերի խորացմանն ու ընդլայնմանը միտված բիզնես տարբերակները: 

 

Այս նպատակով Իրանից Հայաստան  ժամանած «Արազ» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղինին նշեց, որ Իրանը պատրաստ է տնտեսապես շահավետ գործարքներ իրականացնել Հայաստանում՝ նշելով, որ հայ-իրանական համաժողովում հնչել են բազմաթիվ կառուցողական ծրագրեր: 

 

Ըստ իրանցի պաշտոնյայի՝ Իրանը մեծ երկիր է, և նկատի ունենալով հայերի և իրանցիների երկարատև բարեկամությունը, այդ կառուցողական ծրագրերը կյանքի կոչելու շանսերը շատ մեծ են:  

 

«Ես ինքս Ուրմիայից եմ, երկար տարիներ հայերի հետ ապրել եմ կողք կողքի, Իրանի խորհրդարանում եղել եմ Ատրպատական նահանգի ներկայացուցիչը և իմ նախաձեռնությամբ բարեկարգել ենք եկեղեցիներ՝ հենց «Արազ» ազատ տնտեսական գոտու շրջանակում»:  

 

Ըստ «Արազ» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղինի՝ Հայաստանում կան արդյունաբերության այնպիսի ճյուղեր, որոնք գտնվում են աղետալի վիճակում և հենց այդ ճյուղերն են, որոնց նկատմամբ իրանական կողմը ցուցաբերում է մեծ հետաքրքրվածություն:

 

Վերջում իրանցի պաշտոնյան նշեց, որ որոշ ժամանակ առաջ ինքն անձամբ է հրավիրել հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Իրանում արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների աշխատանքին ծանոթանալու համար, ինչն էլ տվել է իր դրական արդյունքները, քանի որ հայ-իրանական բիզնես համագործակցությունը դրանից հետո ավելի է խորացել:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում.