2016թ. դեկտեմբեր ամսին ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2 տոկոս գնաճ: Նշված ժամանակահատվածում պարենային (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) ապրանքների գներն աճել են 2.6 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.6 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները մնացել են անփոփոխ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է Արցախի Ազգային վիճակագրական ծառայությունից:
Նույն աղբյուրի համաձայն՝ ըստ դիտարկվող քաղաքների՝ սպառողական գների ինդեքսը 2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ Ստեփանակերտում կազմել է 98.6 տոկոս, Ասկերանում՝ 97.4 տոկոս, Հադրութում և Մարտունիում՝ 98.1 տոկոս, Մարտակերտում՝ 100.0 տոկոս, Շուշիում՝ 99.0 տոկոս, իսկ Բերձորում՝ 98.9 տոկոս:
2016թ. դեկտեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ՝ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.6 տոկոս, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 99.0 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 96.6 տոկոս, ծառայությունների սակագները 99.4 տոկոս:
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների՝ 2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 106.996.7մլն դրամ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ աճել են 16.7 տոկոսով:
Վարկերի 0.9 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2015թ. դեկտեմբերի 1-ի համեմատ նվազել են 3.0 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 70.3 տոկոսը, որոնք 2015թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել են 1.8 անգամ, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1.0 անգամ:
2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 78.012.6 մլն դրամ, 2015թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճելով 30.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ նվազելով 1.0 տոկոսով:
2016 թվականի ավարտին ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության անցկացրած հետազոտության տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետությունում աղքատ է բնակչության 22.8 տոկոսը, որից ծայրահեղ աղքատ՝ 6.5 տոկոսը, նախորդ տարվա համապատասխանաբար՝ 26.2 և 6.0 տոկոսի փոխարեն: Այսինքն՝ 2014թ.-ի համեմատ 2015թ.-ին Արցախում աղքատությունը նվազել է 3.4 տոկոսով:
Քաղաքային բնակավայրերում աղքատները կազմել են 26.2 տոկոս, իսկ գյուղական բնակավայրերում՝ 19.1 տոկոս, այսինքն՝ աղքատների և ծայրահեղ աղքատների մեծ մասը (60.4%) քաղաքաբնակներ են:
2015թ. հետազոտության արդյունքներով պարզվել է, որ բնակչությունը առողջության առաջնային պահպանման ծառայություններին քիչ է դիմում և դրա հիմնական պատճառն ինքնաբուժումն է՝ 61.1%: Ըստ վերը նշված հետազոտության արդյունքների՝ 2015թ.-ին կենսաթոշակները, որպես եկամտի աղբյուր, նշել է հարցվածների 55.0%-ը:
Եթե դադարեցվի սոցիալական տրանսֆերտների (կենսաթոշակներ և դրամական սոցիալական աջակցություն) վճարումը, իսկ աղքատ բնակչությունը չկարողանա այլ աղբյուրների հաշվին փոխհատուցել այդ կորուստը, ապա աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակները զգալիորեն կաճեն. աղքատության մակարդակը 22.8%-ից կբարձրանա 45.6%-ի, աղքատներն ավելի կաղքատանան, քանզի աղքատության խորությունը՝ աղքատության գծի նկատմամբ նրանց միջին սպառման պակասուրդը 5.2%-ից կկազմի 23.9%:
Պատրաստեց Քրիստինա Աղալարյանը