«ՀՀ արդարադատության նախարարի կողմից պարբերաբար ներկայացվող տեղեկատվությունից պարզ է դառնում, որ քրեակատարողական համակարգում առկա են խնդիրներ՝ կապված կալանավորվածների, դատապարտյալների սննդի ապահովման հետ և շարունակվում են կոռուպցիոն ռիսկերը՝ հանձնուքների տրամադրման հարցում»,-այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ գործադիրի ղեկավարի՝ այս խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ և ելնելով դրանից՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին՝ ուսումնասիրել քրեակատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ, մասնավորապես՝ կալանավորվածներին և դատապարտյալներին տրամադրվող սննդի ապահովումը, այդ թվում՝ մասնավոր կազմակերպություններին պատվիրակելու հնարավորությունը, մշակել հանձնուքների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու նոր գործիքակազմեր և ապահովել քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համաչափ տեղաբաշխելու համար քրեակատարողական ծառայության բոլոր ռեսուրսների օգտագործումը:
«Անհրաժեշտ է նաեւ միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու բանտարկյալների համար ծանրոցներն ընդունող քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների շրջանում կոռուպցիան: Ինչ վերաբերում է խցերում հավասարաչափ բաշխմանը, ապա հարկավոր է առավելագույնս օգտագործել «Արմավիր» նոր քրեակատարողական հիմնարկը»,-ասաց վարչապետը Կարապետյանը՝ վերջում հանձնարարելով արդարադատության նախարարին՝ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ զեկուցել մեկամսյա ժամկետում:
Աղավնի Սուքիասյան