Այս տարի փետրվարի 11-ին նշելու ենք Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այն հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Արարատյան Հայրապետական թեմն արդեն 11 տարի տոնին վերադարձրել է երբեմնի ժողովրդականությունը: Այս տարի էլ բազմաթիվ ծրագրերով ու նախաձեռնություններով է հարուստ տոնական ծրագիրը՝ համերգներ, մրցույթներ, քայլերթ:

 

Ս. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Սուրբ Սարգիս տոնի անբաժանալի մասն էաղի բլիթի արարողությունը: Տոնի նախորդ օրը երիտասարդներն ուտում են աղի բլիթ' հույսով, որ երազին իրենց կյանքի ուղեկիցը ջուր կտա: