Հայտնի բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին երեկ՝ փետրվարի 7-ին, հատուկ չվերթով պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ Մինսկից տեղափոխել են Բաքու: Բելառուսի այս քայլը քննադատության մեծ ալիք է բարձրացրել: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի օմբուդսման Ռուբեն Մելիքյանն ասաց՝ Լապշինի գործի շնորհիվ միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը մեծանում է Արցախի նկատմամբ: 

 

«Այս պատմությունը գնալով ավելի մեծ տարածում և լուսաբանում է ստանում: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին, սփյուռքյան կառույցներին, լրագրողական հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին՝ քայլեր ձեռնարկել Լապշինի գործը հակառակ նախադեպ դարձնելու համար: Բնականաբար, խոսքը վերաբերում է միջազգային շփումներին: Ես ինքս շուտով պատրաստվում եմ ունենալ գործուղում Եվրոպա, և վստահ եմ՝ շատ-շատերը ևս իրենց նպաստը բերելու են այս գործին: Ես վստահ եմ՝ մի քանի ամիս հետո արձանագրելու ենք, որ Լապշինի գործը դարձել է հակադարձ նախադեպ և ավելի է նպաստել Արցախի ճանաչելիությանը»,- մանրամասնեց Արցախի օմբուդսմանը: 

 

Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին՝ կարո՞ղ է վախի մթնոլորտ ձևավորել ու թույլ չտալ շատերին Արցախ այցելել, Ռուբեն Մելիքյանը նշեց՝ Ադրբեջանի նպատակը հենց դա է: «Դա է Ադրբեջանի հաշվարկը: Մենք էլ մեր քայլերը պետք է անենք, որ սա ոչ թե լինի վախեցնելու գործոն, այլ՝ հակառակը: Այստեղ շատ կարևոր է հաշվի առնել, որ այն փաստարկները և տրամաբանությունը, որը բերվել է, որևէ ժողովրդավարական երկրի կողմից հավանության չի արժանացել: Ես կարծում եմ՝ այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն Արցախ այցելելու, կզգուշանան ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Բելառուսից և այնտեղ այցելելու մտադրությունից»,- շեշտեց Մելիքյանը: 

 

Նշենք՝ ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որը բնակվում է Մոսկվայում և վարում հեղինակավոր Travel Blog-ը, ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, Մինսկում: 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լապշինն այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այդ մասին գրել իր բլոգում՝ քննադատելով Ադրբեջանի քաղաքականությունը, ինչի համար Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել և հետախուզում հայտարարել՝ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական հատելու մեղադրանքով: Ադրբեջանը դիմել է Բելառուսին՝ Լապշինին արտահանձնելու պահանջով:

 

Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալն էլ որոշում էր կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:

 

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

 

Քրիստինա Աղալարյան