Ազգային Ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոփություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ այսուհետ քվերակություններից կեսից ավելիին չմասնակցած պատգամավորների հարցը կքննի էթիկայի հանձնաժողովը: Օրինագծի հեղինակներն են ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը:
Երեկ հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանն ու ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը դեմ արտահայտվեցին այս օրինագծին: Սակայն այսօր ՀՀԿ պատգամավորները՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գլխավությամբ, կողմ քվեարկեցին նախագծին: Դեմ քվեարկեց 32 պատգամավոր՝ ԲՀԿ, ՀՅԴ և Ժառանգություն խմբակցություններից:
ՀԱԿ խմբակցությունից քվերակությանը ներկա էր միայն Նիկոլ Փաշինյանը, ով նախօրեին հայտարարել էր, որ այս քառօրյայում դեմ է քվեարկելու բոլոր օրինագծերին, քանի որ դրանք այսօրվա իրականության հետ կապ չունեն:
Նախքան քվեարկությունը Նաիրա Զոհրաբյանը դարձյալ նախազգուշացրեց, որ իրենք դեմ են բացակայող պատգամավորների հարցը էթիկայի հանձնաժողովում քննարկելու նախաձեռնությանը: Նա նշեց, որ այս օրինագիծն ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը գլխավորում է ԱԺ նիստերից բացակայող պատգամավորների ցուցակը: Խորհրդարանական ընտրություններից հետո Ծառուկյանն ընդամենը մեկ անգամ է մասնակցել ԱԺ նիստերին: