Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանաման ռեժիմի խախտումների աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան, հարավային և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը ականանետից ու նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 34 արկ, որից 24-ը ականանետերից, 10-ը՝ նռնականետերից:

 

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում՝ խիստ անհրաժեշտության դեպքում պատասխանելով հակառակորդի նախահարձակ գործողություններին: