Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ փետրվարի 10-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարը, որտեղ Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ: 

Համագումարին Գագիկ Ծառուկյանի ելույթը խարսխված էր հիմնականում երկրում առաջացած սոցիալ տնտեսական հարցերի վրա: ԲՀԿ առաջնորդն իր ելույթում շեշտեց երկրի տնտեսական զարգացման առաջնահերթությունը, մասնավորապես՝ նշելով. «Այսօր պետության առաջ ծառացած են մի շարք խնդիրներ, որոնք առաջնային լուծում են պահանջում: Եկեք ուսումնասիրենք ոլորտները: Առողջապահություն. պետության կողմից ամեն տարի առողջապահության նախարարությանը հատկացվում է 80 միլիոն դրամ, որից սակայն, շարքային քաղաքացին չի կարողանում օգտվել: Հաջորդ առաջնահերթություն պահանջող ոլորտը բանկային համակարգն է: ՀՀ յուրաքանչյուր ընտանիքում առնվազն երկուսը բանկում վարկեր ունի, այդ դեպքում հարց է առաջանում՝ որտե՞ղ են պետությանը հատկացված այն գումարները, որոնք պետք է տրվեին գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիներին՝ էժան վարկերի տեսքով:

«Երկու տարի հետո ժողովրդի ձեռքը տուն չի մնալու, փող չի մնալու, այդ բոլորը բանկերին է մնալու, ժողովուրդը սնանկ է դառնալու: Այս հարցերին պետք է լուծում տալ: Ես պաշտոնի համար չեմ գալիս, գումարի համար չեմ գալիս, բոլորդ էլ գիտեք՝ ես ամեն ինչ ունեմ: Պետք է մեր հնարավորությունների չափով օգտակար լինենք: Մեր ազգի մեջ նախանձ կա, եթե նախանձ չլինի, ամեն ինչ կլինի: Ես եկել եմ իմ խաչը տանելու: Միշտ ասել եմ իմ հարցազրույցներում, որ աշխարհի մակարդակում տասը լավագույնից երկուսը հայ են, մենք այդ տաղանդը, ջիղն ունենք: Բոլորը պետք է վստահ լինեն, որ կարող ենք հաղթել»:

ԲՀԿ առաջնորդի համար հաջորդ առաջնային խնդիրը երկրում աշխատատեղերի բացակայությունն է: Ծառուկյանը խնդիրը մասնավորեցրեց իր սեփական փորձով. ««Արարատ» ցեմենտի գործարանում մեծ թվով մարդիկ շաբաթվա մեջ մի քանի օր են աշխատում, բայց ստանում են աշխատավարձ՝ ամբողջ շաբաթվա համար: Աշխարհի ո՞ր մի երկրում է այդպես, բայց ես չեմ կարող ասել՝ աշխատանք չկա, մի՛ աշխատեք, որովհետև գիտեմ՝ քաղաքացին ընտանիք է պահում»:

Իր ելույթում Գագիկ Ծառուկյանը խնդիրների լուծման համար սեփական առաջարկն արեց քաղաքացիներին՝ բարեկեցիկ կյանք ունենալու համար խորհրդարանական ընտրություններում վստահության քվեն տալ իր ղեկավարած ուժին: