ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար, Նորք Մարաշի խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի փաստաբանին մերժել են հանդիպել պաշտպանյալի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վահան Շիրխանյանի իրավապաշտպան Հայկ Ալումյանը:

 

«Նախկինում ես ասել եմ, որ պարոն Շիրխանյանի հետ հարազատների հանդիպումները և հեռախոսազրույցներն արգելվել էին: Կապը արտաքին աշխարհի հետ՝ մնացել էր միայն իմ միջոցով, սակայն շաբաթ օրը հերթական անգամ ցանկացա տեսակցել պարոն Շիրխանյանի հետ, բայց ինձ գրավոր մերժեցին: Կարելի է ասել, որ նա կատարյալ մեկուսացման մեջ է պահվում»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ սեփական պաշտպանի հետ արգելել տեսակցությունը՝ աննախադեպ երևույթ է և չի լսել ինքը, որ Հայաստանում որևէ մեկի հետ նման դեպք եղած լինի:

 

Փաստաբանն ընդգծեց, որ փետրվարի 11-ից չի կարողանում տեսակցել Վահան Շիրխանյանի հետ: Գրություն են տվել, որտեղ գրված է, որ Վահան Շիրխանյանը չի ցանկացել դուրս գալ իր խցից և ներկայանալ տեսակցությունների համար նախատեսված սենյակ. «Նա արդեն վեց ամիս է՝ ինքնուրույն չի կարողացել գալ տեսակցության, միշտ օգնել են իրեն՝ թևատակերից բռնած: Հիմա իրավիճակը փոխվել է և արդեն չեն էլ ուզում օգնել, որպեսզի գա ինձ հետ տեսակցելու»:

 

Հայկ Ալումյանը նշեց, որ առաջարկել է քրեակատարողական հիմնարկին՝ թույլ տալ, որպեսզի ինքը գնա իր պաշտպանյալի մոտ, սակայն կրկին մերժում է ստացել: Խնդրել է՝ գոնե Վահան Շիրխանյանին փոխանցել նրա գործի հետ կապված փաստաթուղթը, որը ստացել են եվրոպական դատարանից, ի պատասխան՝ ստացել է մերժում. «Սա արդեն կարելի է կոչել իրավական սանձարձակություն: Այս սանձարձակությունը միգուցե կապված է այն բանի հետ, որ Եվրոպական դատարանից Հայաստանի Հանրապետությունը Վահան Շիրխանյանի գործի հետ կապված ստացել է հինգ տարբեր հարցեր, որոնց պետք է պատասխանի սեղմ ժամկետում՝ մինչև փետրվարի 22-ը»:

 

Փաստաբանը նշեց, որ այդ բոլոր հարցերը վերաբերում են Շիրխանյանի առողջական վիճակին, նրան ցուցաբերվող բժշկական օգնությանը, ինչպես նաև՝ ինչ հիմքերով է պետությունն ուզում նրան տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

 

Հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ են արգելել փաստաբանին՝ տեսնել իր պաշտպանյալին, Հայկ Ալումյանը պատասխանեց.

 

«Մերժման պատրվակը եղել է այն, որ դա արգելված գոտի է, որտեղ մուտքը արգելված է, քանի որի այդ խցում կան նաև այլ մարդիկ»:

 

Ըստ իրավապաշտպանի՝ պատճառը խորքային է՝ փորձում են կոտրել Վահան Շիրխանյանի դիմադրությունը և ընկճել հոգեբանորեն, ինչը, սակայն, չի հաջողվում:

 

Հայկ Ալումյանի խոսքով՝ ակնկալիքներ այս դատական նիստից՝ չունեն, քանի որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս հերթական անգամ ներկայանալ դատարան. «Հերթական անգամ ասելու են, որ հնարավորություն չունեն պատգարակով նրան տեղափոխել դատարան: Այս վիճակից ես, ելք՝ առայժմ չեմ տեսնում: Անգամ դատարանի պահանջով նրա բժշկական փաստաթղթերը չեն ներկայացվում, իսկ առանց դրանց, ինչպես հայտարարեց դատարանը, չի կարողանում պարզել՝ պարոն Շիրխանյանի վիճակն իրականում թույլ չի՞ տալիս նրան ներկայանալ դատարան, թե՞ դա այլ բաների հետ է կապված: Բժշկական փաստաթղթերը քրեակատարողական հիմնարկը չի տալիս: Այս իրավիճակից միակ ելքը մնում է Եվրոպական դատարանը և, բարեբախտաբար, անցել ենք գործի»:

 

Նշենք, որ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Հանցավոր համագործակցությանը մասնակցելը», որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:


Սոնա Հարությունյան