Փետրվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինվորական դատախազությունում' ամփոփելով 2016թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների զինվորական դատախազները, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և ռազմական ոստիկանության պատասխանատուները:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը ներկայացրել է 2016թ-ին Զինված ուժերում օրինականության պահպանման, հանցագործությունների դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, զինծառայողների իրավունքների պաշտպանության և դատախազությանը վերապահված մյուս լիազորությունների իրականացման ոլորտներում կատարված աշխատանքները:
ՀՀ գլխավոր դատախազն, անդրադառնալով 2016թ. ընթացքում Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերին, հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կանխման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ապահովել հատկապես համածառայակիցների կողմից կատարված սպանությունների, ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը, դրանցով պարտադիր քննության առարկա դարձնել նաև նշված դեպքերին նախորդած իրադարձությունները:
Արթուր Դավթյանը հատուկ անդրադարձել է Զինված ուժերում հանցավորության կանխարգելման խնդրին' կարևորելով քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և դրանք հետագայում վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու, մասնավորապես, համապատասխան պատկան մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու և դրանց քննարկման, քրեածին պատճառներն ու պայմանները վերացնելու նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Կարևորելով քրեական հետապնդման մարմինների գործունեության կանխատեսելիությունն ու որոշակիությունը, ինչպես նաև վարույթի մասնակից զինծառայողների իրավունքների պատշաճ պաշտպանությունը' գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազներին ավելի հաճախ կազմակերպել վարույթի մասնակիցների, նրանց ներկայացուցիչների ընդունելություն' անձամբ նախաձեռնություն ցուցաբերելով:
Անդրադառնալով բանակում պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտին' ՀՀ գլխավոր դատախազը կոնկրետ հանձնարարականներ է տվել այդ ոլորտում դատախազական գործառույթներն ակտիվացնելու ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարար Վ.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ զինվորական դատախազության աշխատակիցներին կատարված աշխատանքի համար և, ընդգծելով իր և պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի շահագրգռվածությունը բանակում արձանագրված հանցավոր երևույթների կանխման, խախտում թույլ տված անձանց անխուսափելի պատասխանավտության ապահովման հարցում, պատրաստակամություն է հայտնել այդ երևույթների դեմ պայքարում դատախազության հետ ջանքերի համատեղման հարցում:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր դատախազը աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների համակարգված լուծման ուղղությամբ տվել է այլ հանձնարարականներ: