ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը փետրվարի 16-ին առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Մյունխենում, որտեղ կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ի դեպ՝ ըստ Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, հայկական կողմը անհրաժեշտության դեպքում դիմել է պատասխան գործողությունների:
Համանախագահներն ընդունել են, որ ադրբեջանցի զինծառայողի մարմինը վերադարձնելու Հայաստանի իշխանությունների վերջին որոշումն օգտակար հումանիտար քայլ էր: Համանախագահները կոչ են արել կողմերին՝ նաև պահպանել 1994-1995թ.թ. հրադադարի պայմանագրերը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն կբերի ավելի շատ տառապանքի ու կործանման և կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասում է՝ նման հայտարարություններին պետք է սառնասրտորեն նայել. «Ինչ ենք ասել իրենք: Ասել են, որ ողջունում են ադրբեջանցի զինծառայողի մարմինը վերադարձնելու քայլը, դա մարդասիրության դրսևորում է: Իհարկե, դա այդպես է, մեզ այդ դիակը պետք չէր և մենք պետք է վերադարձնեինք ու վերադարձրել ենք»:
Բաբայանի կարծիքով, հանդիպմանը պետք է անդրադարձ կատարվեր նաև բլոգեր Լապշինի գործին: «Եթե կողմերից մեկը դիվերսանտի դիակը վերադարձնում է, իսկ մյուս պետությունն անմեղ մարդուն, ողջ մարդուն բերում է ու փորձում դարձնել դիակ, ապա դա տարբեր մոտեցումներ է, տարբեր աշխարհընկալումներ: Լավ կլիներ, որպեսզի Լապշինի օրինակը ևս ինչ-որ ձևով արծարծվեր համանախագահների հայտարարության մեջ և ոչ միայն, եվրոպական տարբեր կառույցների և այլն: Ժողովրդավարական հանրությունը պետք է կոշտ արձագանք տար այդ ամենին»,- նշեց մեր զրուցակիցը:
Համանախագահները նաև անդրադարձել են փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեին և նշել, որ չեն ընդունում հանրաքվեի արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող: «Չնայած՝ համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները նման ընթացակարգը դիտում են որպես իրենց բնակչության հանրային կյանքը կազմակերպելու ջանք, նրանք կրկին ընդգծում են, որ որևէ երկիր, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն»,- ասված է հայտարարության մեջ:
Դավիթ Բաբայանը մասնակի համաձայն է համանախագաների հետ, որ հանրաքվեի արդյունքները չեն կարող ազդել Արցախի կարգավիճակի վրա: «Դա ճիշտ է, որովհետև մենք մեր կարգավիճակը որոշել ենք 1991 թվականին: Իսկ այս հանրաքվեն որևէ ձևով չի ազդում մեր իրավական կարգավիճակի վրա: Համանախագահները ճիշտ են: Միգուցե պետք է նշեին, որ կարգավիճակը վաղուց է պարզ, դա ուրիշ, ժամանակի խնդիր է, մի օր պետք է ասեն այդ մասին: Այս հանրաքվեն պետականաշինության գործընթաց է: Իսկ այն, որ համանախագահներն ընդգծում են, որ նման հանրաքվեն ներքին կյանքի կարգավորման մի ձև է, արդեն ողջունելի է»,- շեշտեց Բաբայանը:
Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանում պատերազմական քարոզչություն է իրականացվում և դրա վառ ապացույցը Լապշինի օրինակն է: «Շատ տարօրինակ է, որ Ադրբեջանը, լինելով ֆաշիստական, նացիստական պետություն ազնիվ է իր քաղաքականության մեջ: Նա երբևիցե չի թաքցրել, որ ուզում է մեզ ոչնչացնել: Մենք շնորհակալ ենք նման ազնվության համար: Նրանք երբևիցե նման աննորմալ գաղափարներից չեն հրաժարվել: Հետևաբար, շատ կարևոր է, որպեսզի պետականաշինության փիլիսոփայությունը վերանայվի, բայց ըստ երևույթին, Ադրբեջանը չի ուզում դա անել: Միջազգային հանրության կողմից պետք է կոշտ արձագանք լինի, որպեսզի դա տեղի ունենա»,- իր խոսքն ավարտեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ի դեպ՝ համանախագահները ծրագրում են մարտին այցելել տարածաշրջան:
Քրիստինա Աղալարյան