Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ինչպես նախատեսված է սահմանադրությամբ, իրենց ակտիվ դերակատարությունն են ունենալու նաև ազգային փոքրամասնությունները: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը նշեց, որ քրդական համայնքը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակով:
«Սահմանադրությամբ նախատեսված կարգով՝ ինչպես մյուս երեք՝ ասորական, եզդիական և ռուսական համայնքներից, այնպես էլ մեր համայնքից, ցուցակներում ընդգրկվել է չորս թեկնածու: Քրդական համայնքի չորս թեկնածուներից առաջինը ես եմ: Ունենք նաև կին թեկնածու»:
Կնյազ Հասանովից փորձեցինք ճշտել՝ արդյոք իրեն բավարարո՞ւմ է ընտրացուցակում համայնքին հատկացված հորիզոնականները, վերջինս հայտնեց, որ գոհ է իրենց հատկացված հորիզոնականներից և ցուցակում իրենց համարներն իրենց բավարարում են:
Արդյո՞ք քրդական համայնքն ակտիվորեն մասնակցելու է քարոզարշավին հարցադրմանն ի պատասխան՝ Կնյազ Հասանովը նշեց, որ քարոզարշավի ժամանակ քրդական համայնքը շատ ակտիվ է լինելու:
Քարոզարշավին մասնակցությունը ենթադրում է նաև որոշակի ֆինանսական ծախսեր, քրդական համայնքը կարո՞ղ է սեփական միջոցներով կազմակերպել քարոզարշավը հարցին Կնյազ Հասանովը պատասխանեց. «Դեռևս մեզ ոչ մի բան չեն ասել, թե ինչքան գումար է պետք, բայց՝ պատրաս՛տ ենք, այո՛»:
Վերջում Հայաստանի քրդական համայնքի ղեկավարը հավելեց, որ խորհրդարանական ընտրություններից բացի, համայնքն ակտիվորեն մասնակցելու է Հայաստանում ընթացող քաղաքական բոլոր գործընթացներին:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքրում նշվում է, որ քաղաքական ուժերի կամ նախընտրական դաշինքների համապետական ընտրական ցուցակներում պետք է ընդգրկվեն Հայաստանում ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով՝ ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային առաջին 4 փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
ՀՀ-ում բնակչության թվով ամենաշատը եզդիներն են՝ 35.308 քաղաքացի, ռուսներ՝ 11.911, ասորիներ՝ 2.769, քրդեր՝ 2.0162:
Աղավնի Սուքիասյան