ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ռեյտինգային ընտրակարգով Շիրակի մարզից առաջադրվող Արման Սահակյանը ԵԿՄ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում անկեղծացավ. «այնպես չէ, որ ՀՀԿ-ն Գյումրիում միշտ շատ ձայն է հավաքել»,- ասաց պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը Գյումրիում:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ այսինքն՝ իրենք սպասում են, որ չե՞ն հավաքի այնքան ձայն, որքան անկնալում են, Արման Սահակյանն ասաց. «Չէ դե, մենք հիմա օբյեկտիվ ենք: Նախատեսում ենք այնքան, ինչքան հնարավոր է: Ես ռեալիստ եմ, գիտեմ ինչքան է հնարավոր ու մեր պլանները կառուցում ենք դրա վրա: Գյումրիում երբեք մեծամասնություն չի հավաքել ՀՀԿ-ն»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ այլ կուսակցությունով կամ դաշինքով չի փորձել առաջադրվել, ասաց՝ «դեպուտատ դառնալու համար ուրիշ կուսակցությունով չեմ պատրաստվում առաջադրվել: Ես այս կուսակցության անդամ եմ»:
Արման Սահակյանի խոսքով՝ իրենք ՀՀԿ-ի բոլոր թեկնածուներով թիմակիցներ են, սակայն, մրցակցություն, միանշանակ՝ կա: «Բոլոր այն թեկնածուները, որոնք ՀՀԿ-ից չեն, մրցակից են: Ռեյտինգայինով առաջադրված ՀՀԿ-ականների միջև ևս մրցակցություն՝ իհարկե, կա, իրար դեմ դուրս գալը մի քիչ կոպիտ է: Ես միջադեպերը բացառում եմ, գոնե՝ Շիրակի մարզում»,- շեշտեց պատգամավորը: