Այսօր Արցախում ընթանում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որին հետևելու համար Արցախ են ժամանել միջազգային դիտորդներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման նախագահական համակարգին։ Ներկայիս սահմանադրությամբ ԼՂՀ-ում կառավարման կիսանախագահական համակարգ է գործում։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ հանդիպել է հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային դիտորդների հետ և բովանդակալից քննարկումներ ունեցել. «Դիտորդների տրամադրվածությունն աշխատանքային է: Նրանք բավական լավ ուսումնասիրել են մեր օրենսդրությունը: Ում հետ որ ունեցել եմ հանդիպումներ, ներկայացրել եմ: Զուտ մասնագիտական դաշտում գտնվող քննարկումներ ենք ունեցել»:
Օմբուդսմանը նշեց, որ արդեն երկու-երեք օր է՝ գործարկել են թեժ գիծ, աշխատում են շուրջօրյա ռեժիմով և այս պահի դրությամբ՝ որևէ խախտման մասին ահազանգ չեն ստացել:
«Մենք դիտորդների հետ խոսելիս տեղեկացնում ենք, որ կարող են մեզ հետ կապ հաստատել, և մենք պատրաստ ենք արձագանքել ցանկացած ահազանգի: Մենք այս պահին որևէ խնդիր չենք արձանագրել, մեզ չեն ահազանգել»,- ասաց Մելիքյանը:
Իսկ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ հանրաքվեն նորմալ հունով է ընթանում, բնակչությունը բավական մեծ ակտիվություն է ցուցաբերում:
Առավոտյան ժամը 8:00-ին բացվել են 11 ընտրատարածքների 280 ընտրատեղամասեր, որոնցից մեկը՝ Երևանում՝ ՀՀ-ում գտնվող ԼՂՀ ներկայացուցչությունում, մեկը՝ «Շուշի» քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորների համար: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 102 հազար 757 քաղաքացի:
Սահմանադրության հանրաքվեն տեղամասերում անցկացնելու են 2 հազար 222 հանձնաժողովականներ, որոնց 68%-ը անկուսակցական են: Քվեարկության ընթացքին հետևելու է 30-ից ավելի երկրի 104 միջազգային դիտորդ, 103 տեղական դիտորդ, ինչպես նաև 80-ից ավելի ԶԼՄ ներկայացուցիչ: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին: