Իտալիայի Սենատի նիստի ավարտին սենատոր Մարիա Ռիձձոտին (Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամ) փետրվարի 21-ին ելույթ է ունեցել Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ՝ ամբողջովին արտահայտելով ադրբեջանական տեսակետները և կոչ արել փետրվարի 26-ը հռչակել Սենատում «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հիշատակի օր:
Ռիձձոտիի ելույթը աջակցություն չի ստացել Սենատում: Փետրվարի 22-ին սենատի նիստի ավարտին սենատոր Ալդո Դի Բիաջիոն հանդես է եկել Մարիա Ռիձձոտիի ելույթի քննադատությամբ' նշելով, որ այն շատ միակողմանի բնույթ է կրում և հենվում միայն ադրբեջանական ապատեղեկատվության վրա:
Սենատորն իր ելույթում նշում է, որ անդրադարձ կատարել Խոջալուի իրադարձություններին և խոսել «ցեղասպանության» մասին, նշանակում է ընդունել միակողմանի տեսակետ, որը պատշաճորեն համակարգված է Բաքվի կառավարության կողմից, սակայն հերքված փաստերով: «Չկա որևէ հղում ոչ այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղի հայերը վերահաստատել են իրենց ինքնորոշման իրավունքը անկախության համար հանրաքվեի միջոցով»,- ասել է իտալացի սենատորը: Դի Բիաջիոն շեշտում է նաև, որ գործընկերոջ ելույթում անտեսվել են Բաքվի կառավարության սադրանքները և հայատյացությունը, որոնք խոչընդոտում են Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ կարգավորման բանակցությունների առաջընթացին:
«Անտեսել այս ամենը՝ նշանակում է անտեսել փաստերը և փոխանցել մասնակի տեղեկատվություն, ինչի դեպքում կա վտանգ, որ այն կարող է ընդունվել որպես ճշմարտություն, քանի որ հարցը բարձրացվել է Հանրապետության Սենատի պես հեղինակավոր հաստատությունում, մինչդեռ սա շատ լուրջ երկիր է»,- ամփոփել է Ալդո Դի Բիաջիոն:
Հատկանշական է, որ արդեն փետրվարի 23-ի Սենատի նիստի վերջնական արձանագրության մեջ Մարիա Ռիձձոտիի ելույթից Խոջալուի դեպքերի առնչությամբ հիշատակի օր հիմնելու մասին հատվածը հանված էր: Նիստերի ելույթների արձանագրության խմբագրումը տեղի է ունենում համապատասխան սենատորի ցուցումով: