2017թ-ի խորհրդարանական ընտրությունները մի շատ յուրահատուկ առանձնահատկությամբ են աչքի ընկնում. քանի մոտենում է ապրիլն, այնքան է՛լ ավելի հյութեղ են դառնում կառավարության խոստումներն, իսկ ավելի ճիշտ՝ դրա տնտեսական բլոկը ներկայացնող նախարարների հայտարարություններն այն մասին, թե շուտով Հայաստանի տնտեսությունում գարուն է գալու: Թե ինչի հետ կարող է կապված լինել սույն երևույթն, երբ ասենք նույն Կենտրոնական բանկին հակառակ հայտարարվում է, թե 2017թ-ը տնտեսական յուրատեսակ բումի շրջան է լինելու Հայաստանում, երբ նույն Կարայանի ու Արամյանի խոսքերից այնպիսի տպավորություն է առաջանում, թե ընթացիկ տարում Հայաստանն ակամա վերածվելու է Շվեյցարիայի, ու տնտեսական աճը շատ ավելին է լինելու, քան նույնիսկ նախատեսել են բյուջեով, դժվար չէ կռահել, քանի որ պարզից էլ պարզ է՝ փորձում են ժողովրդի շրջանում հույսեր արթնացնել ու տանելով նուրբ հոգեբանական խաղ՝ բնակչությանն իրենցով անել:
Ակնհայտ է, սակայն, որ նմանօրինակ հայտարարություններն իրենց հիմքում փաստարկված ոչինչ չունեն, քանի որ արդյունաբերության 6-7%-անոց աճ, արտահանման 20-30% ավելացում կարող է լինել միայն այն երկրներում, որոնք, իրապես, ունեն թե՛ արդյունաբերություն, թե՛ արտադրություն, իսկ Հայաստանը, խոշոր հաշվով, չունի ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը: Հակառակ պարագայում չէինք վերածվի թուրքական ապրանքների լայն սպառման շուկայի ու չէինք դառնա օտար երկրների տնտեսական կցորդը:
Կառավարության «ՓիԱր» ակցիան միգուցե ինչ-որ տեղ ընկալելի լիներ, գուցե ինչ-որ տեղ հանդուրժելի լիներ, եթե չլիներ մի չափազանց հետաքրքիր իրողություն. դատելով ամենայնից՝ ոմանք որոշել են ինքնակայանալ ոչ միայն սին խոստումների գնով, այլև «Ծառուկյան» դաշինքի դեմ թաքնված, իսկ երբեմն էլ ակնհայտ հարձակումներ իրականացնելով: Պարզվում է՝ հիմա էլ որոշել է արտահայտվել ՀՀ աշխատանքի և սոցիլական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու իր հարցազրույցներից մեկում դաշինքի 15 ծրագրային կետերից մեկի՝ կուտակային կենսաթոշակների մասին հիմնադրույթի վերաբերյալ կարծիք հայտնել. ըստ նրա՝ «Ծառուկյան» դաշինքի ծրագրային համապատասխան դրույթն իր հիմքում չունի և ոչ մի հիմնավորում ու լուրջ վերլուծական բազա:
Թե հատկապես ինչով է պայմանավորված «Ծառուկյան» դաշինքի ծրագրային կետերի դեմ տեղի ունեցող այս դեմարշը, դժվար չէ գլխի ընկնել. դաշինքի ընդդիմախոսները հասկանում են, որ առաջ քաշված գաղափարներն իրականում քողազերծում են այն իրականությունը, որում հասարակությունն ապրում է. մեծ ջանքեր են պահանջվել՝ ժողովրդին ներշնչելու, թե միակ ելքը ծանրագույն իրավիճակից բացառապես այն է, ինչ պաշտոնական աղբյուրները հրամցնում են հասարակությանն, ու չկա այլընտրանք այն ուղուն, որ իշխանությունները կանխատեսել են երկրի համար: Իսկ հիմա, հանկարծ պարզվում է, որ այս ողջ ընթացքում հասարակությանը ներշնչած մտքերն ու գաղափարները ոչ միայն խոցելի են, այլև կա, գոյություն ունի դրանց իրական այլընտրանք: «Ծառուկյան» դաշինքի 15 ծրագրային կետերն իսկական շոկ են առաջացրել շատերի մոտ, ու սրանք, չիմանալով՝ ինչպես հակազդել անսպասելի ռեակցիային՝ ամեն կերպ ջանում են հերքել դրանք, համարել անհիմն և այլն՝ հոգու խորքում շատ լավ գիտակցելով, սակայն, որ ոչ մի ռեալ հակափաստարկ բերել չեն կարող:
Փաստ է՝ «Ծառուկյան» դաշինքի 15 ծրագրային կետերը ոչ միայն բխում են ժամանակի հրամայականից, ոչ միայն ճշգրտորեն արտացոլում են Հայաստանի ունեցած հնարավորություններն, այլև առաջարկում են իրական ելքեր՝ տնտեսությունը դուրս բերելու անկումային վիճակից. ընդամենը համապատասխան քաղաքական կամք, և Հայաստանի տնտեսությունը դուրս կգա ճահճից՝ ճահիճ, որում գտնվում ենք բոլորս. քաղաքական կամք «Ծառուկյան» դաշինքն աներկաբյորեն ունի:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ