Գյուղի խնդիրներն, ինչպես հայտնի է, Հայաստանում գործնականում անսպառ են: Տարիներ շարունակ անկումային վիճակում գտնվող տնտեսության այս կարևորագույն ճյուղի նմանօրինակ կացությունն, անկասկած, պայմանավորված է ոչ միայն սուբյեկտիվ գործոններով, որոնք, իհարկե, գերակշռող են, այլև՝ օբյեկտիվ, որոնց դեմ հաճախ մարդը, նույնիսկ գերզարգացած տեխնոլոգիական այս դարաշրջանում՝ անզոր է լինում. բնությունն իրենն անում է:
Այս տարվա կանխատեսումներն՝ առնչվող գյուղատնտեսությանը, պարզվում է, այնքան էլ մխիթարական չեն. ամենայն հավանականությամբ՝ 2017-ն այնքան էլ բերքառատ տարի չի լինելու: Բանն այն է, որ, ինչպես նշում են ոլորտի մասնագետները, վերջին ամսվա սառնամանիքները, ձմռան սկզբին ակտիվացած կրծողների հասցրած վնասները գրեթե լիակատարորեն չեզոքացրել են այն սպասելիքները, որ գյուղացին ուներ գյուղատնտեսական տարվա սկզբին: Ակնկալվում է, որ այս ամենից հատկապես տուժելու է խաղողի, դեղձի, բալի, ծիրանի, կարտոֆիլի բերքը: Մի խոսքով՝ արդեն իսկ կարելի է հաստատապես ասել, որ ստացվելիք բերքը ոչ միայն չի բավականացնելու Հայաստանից որևիցե արտահանում իրականացնելու համար, այլև կան միանգամայն իրական մտավախություններ, որ անգամ ներքին շուկայի պահանջարկը հնարավոր չի լինելու բավարարել, ու ստիպված ենք լինելու կրկին թուրքական գյուղմթերքի երկրորդային արտահանման շուկայի վերածվել:
Բայց այս, ողջ աժիոտաժում, անկասկած, ամենախոցելի վիճակում հայտնվել է նախևառաջ անձամբ հայ գյուղացին, որի սոցիալական վատթար վիճակի մասին խոսել կարելի է ժամերով: Միայն պատկերացրե՛ք՝ անսահման քանակությամբ պարտքեր, գերբարձր տոկոսներով վարկեր ու դրանց հետ մեկտեղ՝ 0 շահույթ: Թե ինչպես են այս տարի գյուղացիները փորձելու հաղթահարել բնության քմահաճույքի դաժան հետևանքները, միայն կռահել կարելի է, բայց որ գոնե այս պարագայում պետությունն իրավունք չունի ձեռքերը ծալած նստելու ու պարտավոր է կոնկրետ լուծումներ առաջարկել՝ ստեղծված անբարեհույս վիճակից դուրս գալու համար, անքննարկելի է:
Հարց է առաջանում՝ կոնկրետ ի՞նչ կարող է առաջարկվել գյուղացիությանը: Նախ՝ առաջին քայլը, որ պետք է արվի, պետության միջամտությամբ բանկերից վերցրած վարկերի տոկոսադրույքների սառեցումն է՝ առնվազն մինչև հաջորդ գյուղատնտեսական տարի. մարդիկ բավական չէ՝ բախվելու են հաց վաստակելու խնդրին, դեռ մի բան էլ պետք է մտածեն բանկերից վերցրած վարկերի գերբարձր տոկոսները փակելու մասի՞ն. ուղղակի անթույլատրելի է: Էլ չենք խոսում անհրաժեշտ կոմպենսացիա իրականացնելու մասին, ինչը միանգամայն տրամաբանական կլիներ ստեղծված իրավիճակում:
Ի դեպ՝ այս ենթատեքստում ավելորդ չէր լինի ընդգծել «Ծառուկյան» դաշինքի առաջ քաշած ծրագրային կետերի կարևորությունը, որոնք կոնկրետ լուծում կարող էին հանդիսանալ հատկապես ստեղծված իրավիճակում և, իհարկե, ոչ միայն: Հիշեցնենք, որ Դաշինքը, հատկապես գյուղատնտեսության վարկավորման հարցում, հեղափոխական գաղափարներ էր առաջ քաշել՝ առաջարկելով արագորեն վերջ տալ բանկերի նկատմամբ պետության կողմից վարվող խիստ փափուկ քաղաքականությանը՝ հարկադրելով դրանց վարկերի տոկոսադրույքներն էականորեն իջեցնել. 22-26% սահմանել վարկերի տոկոսադրույքները մի պարագայում, երբ տարիներ շարունակ միջազգային ֆինանսական կառույցները Հայաստանին պարբերաբար տրամադրել են 0,25-1,25%-անոց վարկեր, ուղղակի անթույլատրելի է: Այս խնդրի լուծման մեջ, անկասկած, մեծ է նաև Կենտրոնական բանկի անելիքը, քանի որ հենց այս ֆինանսական կառույցը պետք է ստեղծի հստակ երաշխիքներ բանկերի համար, որ դրանք, ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելով բնակչությանը, չհայտնվեն ռիսկային գոտում, քանի որ Հայաստանի ֆինանսական ոլորտում ստեղծվել է մի վատառողջ իրավիճակ, երբ բանկերը կարծում են, թե միայն բնակչությանը թալանելու արդյունքում կարող է երաշխավորվել իրենց անխափան գործունեությունը. այս իրավիճակը պետք է ու կարող է շտկվել:
Պակաս կարևոր դեր կարող է չխաղալ նաև գյուղացիությանն ավելորդ հարկատեսակներից ազատելուն միտված հստակ քաղաքականությունը, քանի որ ամենևին էլ նորություն չէ, որ նոր հարկատեսակներ հորինելու ու դրանք բնակչության ուսերին բարդելու հարցում՝ աշխարհում մեզ մրցակիցներ գրեթե չկան. զորօրինակ՝ նույն ոռոգման ջրի համար սահմանված հարկը կարելի էր վերացնել՝ դրա փոխարեն սահմանելով ֆիքսված ինչ-որ սիմվոլիկ գումար. սա, թերևս, կարևոր սոցիալական նշանակություն ունեցող քայլ կարող էր դառնալ: Ի դեպ՝ այս դրույթը ևս տեղ էր գտել «Ծառուկյան» դաշինքի ծրագրային ենթակետերում՝ որպես կարևոր սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնություն՝ կոչված թեթևացնելու հայ գյուղացու ամենօրյա սոցիալական բեռի ծանրությունը:
Ինչ խոսք՝ առաջարկվող քայլերի ու ծրագրերի մասին կարելի է խոսել երկար, մանավանդ որ, դրանց պակաս առանձնապես չի էլ զգացվում, սակայն այստեղ՝ գերկարևոր հարցը, որ մնում է դեռևս չլուծված, թերևս, անհրաժեշտ կամքի բացակայությունն է. ելքեր՝ որքան ասես, իսկ ա՛յ դրանք կյանքի կոչելու ցանկություն՝ ոչ մի: Ինչո՞ւ, դեռևս մնում է պարզել:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ