«Մենք բազմաթիվ նյութերի հասանելիության խնդիր ունենք: Դրանք ձեռք բերելու համար պետք է գնանք, օրինակ, Թուրքիա, այսինքն՝ դրսից սահմանափակում կա, ինչն՝ արտաքին խնդիր է:
Ուշ միջնադարյան արխիվների ուսումնասիրման անհրաժեշտություն ունեմ, չեմ կարծում, որ Թուրքիայում թույլ կտան: Անգամ, եթե հնարավորությունը ստեղծվի, չգիտես՝ արդյո՞ք դրանք այն անհրաժեշտ նյութերն են, որոնց կարիքն ունես: Այս խնդիրը, հատկապես, հայագիտության խոցելի կողմերից է»,- պատմում է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, «Քվանտ» վարժարանի պատմության ուսուցիչ Միքայել Մալխասյանը՝ միաժամանակ ուրախությամբ նշելով. «Մեր երկրում էլեկտրոնային շտեմարանների, գրադարանային նյութերի թվայնացման պայմաններում հետազոտություններ կատարելու հնարավորություններն ընդլայնվել են»:
Միքայելը մտահոգությամբ նշում է, որ մեր երկրում երիտասարդ գիտնականները ստիպված են զուգահեռ մի քանի աշխատանք ունենալ. «Դրանք հաճախ ավելի շատ ժամանակ են խլում, և որոշները հետազոտությունը կեսից թողնում են՝ գտնելով, որ ընտանիքի համար այն չի կարող ապրուստի միջոց լինել: Արխիվների երկարաժամկետ ուսումնասիրության խնդիր կա: Սա նշանակում է, որ երկար ժամանակ աշխատանքիցդ պիտի կտրվես, ֆինանսավորում գտնես: Իհարկե, կարող ես միջազգային որևէ ծրագրի դիմել և ֆինանսական աջակցություն ստանալ, բայց այս դեպքում կարող ես օտարվել քո աշխատանքային միջավայրից: Պատկերացրեք, եթե դասավանդող երիտասարդը նման ուսումնասիրություն կատարելու համար 3 ամիս բացակայի դասերից, ինչ կլինի»,- մտահոգությամբ ասում է Միքայելը՝ նշելով, որ մեր երկրում նույն աշխատանքի դիմաց այնքան չես կարող վճարվել, որքան արտերկրում: Այս ամենի արդյունքում էլ ունենում ենք ուղեղային հոսքեր:
Մեր զրուցակցի հետ խոսեցինք նաև հասարակագիտական ոլորտի մրցունակության մասին:
«Հասարակագիտական ոլորտն այնքան մրցունակ չէ, որքան բնագիտականը: Շատ հաճախ հայագիտական թեմաները մերժվում են՝ պարբերականներում տպագրության տրվելիս, որովհետև կարող են թեմատիկ կամ գաղափարաբանական, տեսակետային անհամաձայնություններ լինել, խուսափեն տպագրելուց՝ ընթերցողների քննադատութանը չարժանանանալու համար: Այսինքն՝ գիտականից դեպի քաղաքական դաշտ գնացող խնդիր է:
Հասարակագիտական ոլորտում անհրաժեշտ է անցնել գիտելիքի կուտակման գործընթաց: Պետք է հայտնագործություն արվի: Դրա համար մասնագետները պետք է անընդհատ ինֆորմացիա հավաքեն, ինչը ժամանակատար է: Մինչև ծանոթանան և՛ հայ, և՛ օտար հեղինակներին, գիտական «պրոդուկտը» կարող է ավելի ուշ ստացվել: Այս աշխատանքը հսկակայական ժամանակ է պահանջում»:
Այնուամենայնիվ, Միքայելը կարծում է, որ իրականացվող գործուղումները, գրքի հրատարակության հարցում աջակցությունները, թեմատիկ ֆինանսավորումները թեև հսկայական չեն, բայց դրանք նախկինում չկային:
«Այս քայլերը բավականին հույսեր և վստահություն են ներշնչում, և երիտասարդների շրջանում կարող են հուսադրող մթնոլորտ ստեղծել: Արդյունքում՝ ավելի շատ մարդ է ուզում մնալ ոլորտում և գիտությամբ զբաղվել»:
Արաքս Առաքելյան