«Իմ կյանքում կան բազմաթիվ դեպքեր, որոնց կրկնվելու դեպքում ուրիշ կերպ կվարվեի: Մարտի 1-ն այդ դեպքերից չէ: Ես չեմ ամաչում այդ օրերի իմ պահվածքի համար. արել եմ ամեն ինչ, որ զոհերի թիվը քիչ լինի, Երևանին քիչ վնաս պատճառվի, արել եմ ամեն ինչ, որ մարդիկ այդ օրը կարողանան անվտանգ դուրս գալ ու ոստիկանության թիրախում չհայտնվեն»,-ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այս մասին ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն, ով ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի և ԵԼՔ դաշինքի համակիրների հետ եկել էր Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին:

 

Հարցին՝ եթե խորհրդարանական ընտրություններում իշխանությունը հաղթի, հնարավո՞ր է մարտիմեկյան իրադարձությունների կրկնություն, Արամ Սարգսյանն ասաց, որ դրա կրկնությունը կանխելու համար մի տարբերակ գոյություն ունի՝ արդար ընտրությունների կազմակերպում.

 

«Եթե ընտրությունները կեղծվեն, քաղաքացին տեսնի, որ իր քվեն տեղ չի հասել, իրեն նորից խաբել են, փողոց է դուրս է գալու: Սերժ Սարգսյանը մտածում էր, որ նման հետընտրական պրոցեսները կանխելու լուծումը նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցումն էր, որովհետև բոլորս էլ հիշում ենք, որ ԱԺ ընտրություններից հետո երբեք էլ մեծ հավաքներ չեն եղել և հանրության համար միևնույնն է եղել՝ ով է պատգամավոր ընտրվել»:

 

Արամ Զ. Սարգսյանը կարծում է, որ խոհրդարանական ընտրությունների բուն էությունը տեղ հասցնելու անհրաժեշտություն կա. «Մասնակցելով խորհրդարանական ընտրություններին՝ մենք ընտրում ենք երկրի առաջին դեմքին»: