Պայմանավորված գլխավորապես Հայաստանի ներքաղաքական իրավիճակով, մեր երկրում նախընտրական թոհուբոհով` արտաքին քաղաքական ճակատում տեղի ունեցող հույժ կարևոր պրոցեսները միգուցե շատերի կողմից հատկապես վերջին շրջանում անտեսված էին մնացել. մինչդեռ Հայաստանի համար տառացիորեն ճակատագրական այս ժամանակաշրջանում գոյամարտի կարևորագույն դաշտ է դարձել հենց արտաքին ճակատը, ուր տեղի ունեցող իրադարձությունները հիմք են տալիս եզրակացնելու` Հայաստանը վերանայում է այս ոլորտում տարիներ շարունակ որդեգրած իր սկզբունքներն ու անցնում ակտիվ գործողությունների:
Օրերս, ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանը Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ուր և խոսել էր արցախյան հակամարտության` մեր երկրի առջև ծառացած թիվ մեկ ռազմաքաղաքական մարտահրավերի մասին. նախագահ Սարգսյանն իր խոսքում հստակ հասկացրել էր, որ ադրբեջանական ագրեսիայի պարագայում մեր երկիրն իրեն լիարժեք իրավունք է վերապահելու` բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու Արցախի ժողովրդի անվտանգությունը` ընդհուպ սեփական զինանոցի ամբողջ հզորությունը գործի դնելով:
Անկասկած է, որ այս պարագայում նախագահի ուղերձի հասցեատերերը ոչ միայն կամ ոչ այնքան հայաստանցիներն էին` հայ հասարակությունը, որքան`միջազգային հանրությունն ու աշխարհի գերտերությունները, որոնց ազդեցությունն, ինչպես հայտնի է, անդրկովկասյան տարածաշրջանում ուղղակի հսկայական է:
Հասկանալու համար նախագահի խոսքի տողատակերը՝ նախևառաջ հարկավոր է մի փոքր անդրադառնալ այն աշխարհաքաղաքական իրավիճակին, որն այժմ ստեղծվել է Անդրկովկասում. գերտերությունների միջև գնում է անզիջում պայքար՝ Անդրկովկասը լիովին կլանելու համար, որին հասնելու ճանապարհին գերհզորները ամեն գնով փոձում են օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ հաճախ տարբերություն չդնելով դրանց միջև: Այս իրավիճակում հատկապես կարևորվում է հայ-ադրբեջանական հակամարտությունը, որի նուրբ լարերի վրա խաղալով էլ՝ նույն այդ երկրները ջանում են սեփական կամքը թելադրել կողմերից յուրաքանչյուրին: Այս պարագայում մեզ համար իսկական գոյաբանական խնդրի է վերածվել հատկապես Հայաստանի՝ սեփական իրավունքներն ու շահերը մինչև վերջ պաշտպանելու կարողությունը, ինչը՝ թույլ կտա չհայտնվել աշխարհաքաղաքական մսաղացում. ինչպես նախագահն էր իր խոսքում շեշտել, խաղաղության միակ երաշխավորն, ինքը՝ հայ զինվորն է:
Ակնհայտ է նաև, որ Նախագահ Սարգսյանն իր՝ միջազգային խաղացողներից շատերի համար անակնկալ դարձած խոսքում փորձեց բոլորին պարզ լեզվով հասկացնել, որ ապրիլյան դեպքերի կրկնության պարագայում, որին Բաքուն նպատակամիտված կերպով գնում է, Հայաստանն ու Արցախը չեն բավարարվելու ինքնապաշտպանությամբ միայն, այլ իրենց օրինական իրավունք են վերապահելու բուռն հակահարված հասցնելու ազերիներին՝ հարկ եղած դեպքում մեկընդմիշտ փակելու արցախյան թեման ու հավիտենական խաղաղություն պարտադրելով ոսոխին: Այլ կերպ ասած՝ Սարգսյանը հնարավոր արյունահեղության միակ ու իրական պատասխանատու է հռչակում Ալիևին՝ միաժամանակ հասկացնելով աշխարհին, թե հակամարտող կողմերից ով է տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում իրական շահագրգիռ կողմը:
Մի կարևոր նրբերանգ ևս այս ամենում չի կարելի աչքաթող անել. նախագահի ելույթը հնչում է նրա՝ Արևմուտք կատարած այցից հետո՝ մի այց, որն արդարև, շատ վերլուծաբաններ ու փորձագետներ, իրապես բեղուն են համարում: Բացի սա՝ պետք չէ մոռանալ, որ մի քանի օրից նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Մոսկվա, ու կարելի է ասել, որ այս հայտարարությունը մեծապես ուղղված է նաև հյուսիս՝ Ռուսատան. Կրեմլը պետք է ի սկզբանե տեղեկացված լինի հենց ամենասկզբից, որ Երևանն իր դիրքորոշումը կարծրացնում է այլևս ու հանդես է գալու գլխավորապես պահանջատիրոջ կեցվածքով, ու բոլոր հաշվարկները, թե այս անգամ ևս հնարավոր կլինի հագուրդ տալ Ալիևի ախորժակին՝ առանց վերջինիս համար որևիցե հետևանքների, զրոյական են, քանզի արդարությունը Հայաստանի կողմն է, որը բազմիցս է շեշտել իր պատրաստակամության մասին՝ լիարժեքորեն կյանքի կոչելու Ապրիլյան պատերազմին հաջորդած քաղաքական բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները. խաղաղ գործընթացի վիժեցումը Բաքվի արկածախնդրության բնական ու տրամաբանական հետևանք է, որի համար Երևանը բացարձակապես պատասխանատվություն չի կրում: Այլ կերպ ասած՝ նախքան աշխարհաքաղաքկան կենտրոններից Ալիևի առաջ կանաչ լույս վառելը՝ նույն այդ աշխարհաքաղաքական կենտոնների մայրաքաղաքներում պետք է հստակ պատկերացում ունենան դրա հետևանքնեի մասին:
Այսպիսով՝ մեկ անգամ ևս արձանագրենք՝ պաշտոնական Երևանը շեշտակիորեն փոխում է իր արտաքին քաղաքականության մարտավարությունն ու ի պատիվ իրեն պաշտպանությունից անցնում հարձակման, ինչը, բնականաբար, ժամանակին անխուսափելիորեն տալու է իր բարի պտուղները՝ մեծացնելով Անդրկովկասում Հայաստանի աշխարհաքաղաքական դերն ու նշանակությունը…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ