Հայաստանի կոմունիստական կուսակցությունը «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով տվեց նախընտրական քարոզարշավի մեկնարկը: Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը նշեց, որ կուսակցությունը նախեւառաջ ցանկանում է ընդգծել այն խոշոր հնարավորությունները, որոնք երկիրը ձեռք է բերել Խորհրդային իշխանությունների տարիներին: «Այսօր երկրում աղքատության ցուցանիշը շատ բարձ ր է: Ամենավատն այն է, որ պայմաններ չեն ստեղծվում, որպեսզի այդ արտագաղթը դադարի: Գիտությունը նույնպես շատ վատ վիճակում է»,-ասաց Տաճատ Սարգսյանը:

 

Նրա խոսքով՝ կուսակցության գաղափարախոսության, նախընտրական ծրագրի հիմքում ընկած է տնտեսական զարգացումը եւ աշխատանքը, ժողովրդին աշխատանքով ապահովելու միտումը: «Ժամանակն է, որ բանկերի նկատմամբ հսկողություն լինի: Այն կարծիքին ենք, որ պետական սեկտորը ավելի շատ դերակատարություն պետք է ունենա տնտեսական զարգացման գործում: Ժամանակն է գյուղերում կոոպերատիվ տնտեսություններ սկսել: Մեզ շատ են հարցնում՝ ինչու դաշինքներ չենք կազմում որեւէ քաղաքական ուժի հետ: Մենք դաշինք ենք կնքել ժողովրդի հետ. եթե հաղթի կուսակցությունը, ապա կհաղթի ժողովուրդը: Մեր նպատակն է սոցիալիստական հասարակարգի հաստատումը, սոցիալիզմի ամրագրումը»,-նշեց նա:

 

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը՝ Տաճատ Սարգսյանն ընդգծեց, որ այն ոչ միայն նպաստելու է տնտեսության զարգացմանը, նոր տնտեսական կապերի ձեռքբերմանը, այլեւ չի խանգարելու ԵՄ-Հայաստան կապերի ամրապնդմանը:

 

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին: Ընդգրկված 9 քաղաքական ուժերի համար նախընտրական քարոզարշավը մեկնարկեց մարտի 5-ից: Առաջիկա ընտրություններին Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ներկայացրել է 173 հոգուց բաղկացած ցուցակ, որը գլխավորում է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը: