Շիրակի պետական համալսարանը նոր ռեկտոր ունի: Մարտի 7-ին տեղի ունեցավ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի (նախկինում՝ Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ) ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված դռնփակ մրցույթը: Հոգաբարձուների խորհուրդը՝ Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի նախագահությամբ, միաձայն ռեկտոր ընտրեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Միանսյանին, ով էլ միակ թեկնածուն էր: Ըստ տեղեկությունների՝ հոգաբարձուների խորհրդի 24 անդամից ներկա էր 21-ը:
Ընտրությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ռեկտորը նախ հակիրճ ներկայացրեց բուհի ռազմավարական ծրագիրը: «Ժամանակի պահանջներին համահունչ փոխվում է ոչ միայն ուսուցման տեխնոլոգիաները, կրթության այլընտրանքային միջոցները, այլև մեթոդաբանությունը՝ բարձրագույն կրթություն հասկացության առումով: Նշանակում է՝ ունենալու ենք խիստ դինամիկ մասնագիտական ծրագրեր»,-նշեց Սահակ Մինասյանը՝ կարևորելով նաև զուգահեռ իրականացվելիք տեխնիկական վերազինումը:
Բուհի ՊՈԱԿ-ից հիմնադրամ եւ ինստիտուտից համալսարան վերակազմակերպման արդյունքում կառավարման առումով որոշակի փոփոխություններ ևս կլինեն: Բուհում 9 նոր բաժին է ստեղծվելու, բացվելու է 3 հեռավար ուսուցման լաբորատորիա:
Արմենուհի Մխոյան