«Մարդը պետք է իր վրա պատրաստակամություն վերցնի, ժողովրդի մատից փուշ հանի»։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր այս մասին Վանաձորի դրամատիկական թատրոնի հրապարակում քարոզարշավի շրջանակներում կազմակերպած հավաքին ասաց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով. «Եթե ապրիլի 2-ին 50+1 ձայնը տաք մեզ, մենք առաջին իսկ ամսում կիրականացնենք տնտեսությունը փրկելու համար մեր կողմից առաջարկված 15 կետերը»։
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ իրեն դիմում են, թե 40 տարեկան կանանց գործ չեն տալիս. «Ձեր ցավը տանեմ, գործ կա՞, որ քեզ գործ տան, գործ լինի՝ 60 տարեկանին էլ կտան»,-ասաց նա։
Ծառուկյանը նշեց, որ ինքն իր պարտքն է կատարում, և դաշինքի կողմից առաջարկած 15 կետերը միակ հնարավորությունն են այս պայմաններում և ով էլ գա, հենց այդ 15 կետերը պետք է իրականացնի. «Ես ձեզ որպես Ծառուկյան Գագիկ ասում եմ՝ լավ մասնագետներ են պետք Հայաստանին, որոնց պետք է հրավիրես, լավ վարձատրես, գան իրենց աշխատանքը կատարեն։ Ինձ համար կարևոր չի՝ ծանոթ-բարեկամ, ինձ համար կարևոր է մարդը, մասնագիտությունը, բարեկամիս կարող եմ ծրարով գումար տալ, բայց իմ մոտ չընդունեմ աշխատանքի, եթե ոլորտին չի տիրապետում։ Ոնց կարող է մարդը կարմիր դիպլոմով ավարտի, աշխատանք չունենա, ուսանողը մեր կապիտալն է, նա չպետք է գումարի պատճառով դուրս մնա համալսարանից»,-ասաց Գագիկ Ծառուկյանը՝ կոչ անելով. «Ժողովուրդ ջան, դուք տեր կանգնեք ձեր ձայներին, ես ամեն տեղ չեմ կարողանալու»։