Գյուղացիությանը հուզող խնդիրներ մեզանում որքան ասես չես գտնի. է՛լ ջրի խնդիր, է՛լ հսկայական վարկերի տակ մնացած գյուղացիության օրհասական պրոբլեմներ, է՛լ գոյություն չունեցող գյուղտեխնիկա: Խնդիրները կարելի է երկար թվարկել: Բայց այս ամենի շարքում կա մի կենսական գերխնդիր, որը ոչ միայն այդպես էլ չի հաջողվում լուծել, այլև այն դարձել է յուրատեսակ ճակատագիր հայ գյուղացիության համար. գյուղմթերքի մթերմամբ զբաղվող գոծարանների ու գործարարների մեծագույն մասն այդպես էլ չի կարողանում կամ չի ցանկանում վճարել գյուղացիներին մթերած բերքի դիմաց: Այս խնդիրը, պետք է նկատել, վաղուց է ստացել համահանրապետական մասշտաբներ ու ո՛չ գյուղատնտեսության նախարարությունը, ո՛չ էլ մեկ այլ կոմպետենտ կառույց, որպես կանոն, «մատը մատին չեն տալիս»՝ գյուղացիության հոգսերը գոնե այս կտրվածքով փոքր ինչ թեթևացնելու:
Օրերս, պարզվում է, նույնաբովանդակ խնդրով՝ նախորդ տարի իրենց մթերած խաղողի գումարի պահանջով, Քաղցրաշեն գյուղի բնակիչները դիմել են Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին: Սա էլ, փոխարենն ինչ-որ կերպ մադկանց օժանդակելու, բարկացել է նրանց վրա ու ոչ երկիմաստ կերպով հասկացրել՝ սխալ հասցեով են դիմել:
Սովորաբար, հանրահայտ բան է, ընտրություններին ընդառաջ չինովնիկական շերտը փորձում է հանրությանը ներկայանալ թարմ կերպարով. փորձում են գոնե ձևանալ, թե օր ու գիշեր քուն չունեն ժողովրդի դարդերի ձեռքն ու չեն ուտում, չեն խմում, միայն շարքային քաղաքացիների հոգսերին լուծումներ են փնտրում:
Մի խոսքով՝ նույնիսկ ամենագոռոզ չինովնիկներն ու պաշտոնյաներն այդ օրերին բարիանում են՝ ժողովրդից ձայներ կորզելու նպատակով՝ իհարկե: Արամայիս Գրիգորյանի պարագայում, սակայն, երևում է գործ ունենք մեկ այլ, առավել բացառիկ դեպքի հետ, ու մարզպետը ոչ միայն իր համար ճակատագրական այս օրերին չի շտապում մարդկանց խաթրն ինչ-որ կերպ առնել, թեկուզ կեղծ խոստումների գնով, այլև դեռ մի բան էլ կոպտում է, բղավում ու հասկացնում՝ գյուղացիները միայնակ են իրենց խնդիրների հետ:
Հիմա հարց է ծագում՝ ո՞րն է մարզպետ Գրիգորյանի նման անհանդուրժողականության աղբյուրը: Կարելի է ենթադրել, ու նույնիսկ համոզմունք հայտնել, որ Գրիգորյանն ընթացիկ ընտրական խնդիրները լուծելու շատ ավելի գործուն միջոցներ է գտել, շատ ավելի արդյունավետ գործիքակազմեր է կիրառելու, քան ասենք մի քանի գյուղացու կենսական խնդրին լուծում տալն է. ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նա պարբերաբար իր մոտ է հրավիրում համայնքապետերին, նրանց վզին 60%-անոց թիվ դնում ու հետն էլ խոստանում, թե այն հերոսն, ով կկարողանա նշված թիվը գերազանցել, իրենց կողմից կարժանանա հատուկ շնորհակալության:
Իսկ թե ինչպես են համայնքապետերը, որոնց համայնքներում սոցիալական սարսափելի վիճակ է տիրում, կարողանալու բնակիչներին համոզել՝ գնալու Արամայիս Գրիգորյանի սրտով, ա՛յ սա արդեն իրոք որ հետաքրքրիր է, քանի որ նույնիսկ քաղաքագիտությունից ու քաղաքականությունից կիլոմետրերով հեռու մարդուն էլ է շատ պարզ, որ ծայրահեղ պայմաններում ապրող մարդիկ ոչ մի կերպ հակված չեն լինում քվեարկելու իրենց այդ օրը գցածների օգտին:
Դատելով, սակայն, Գրիգորյանի ինքնավստահությունից՝ կարելի է ենթադրել, որ նրա վրա չեն ազդում անգամ քաղաքագիտության օրենքներն, ու մարդն արդեն իր ձեռքի տակ ունի այն ունիվերսալ բանաձևը, որը կստիպի մարզաբնակներին հնազանդվել. ընտրակաշառքին մուննաթ…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ