«Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ) առաջադրված թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանը քաջատեղյակ է մեր երկրում առկա խնդիրներին, մարդկանց հոգսերին: Իզուր չէ, որ իր նախընտրական կարգախոսնն ընտրել է «Ես ձեզանից մեկն եմ» տարբերակը, քանի որ իր քաղաքական, հասարակական գործունեության ողջ ընթացքում շփվելով ժողովրդի հետ՝ մշտապես կանգնել է իրեն վստահության քվե տված քաղաքացիների կողքին:
Տարիների գործունեության, խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության և առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք պատգամավորի թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանի հետ.
-Պարոն Զոհրաբյան, ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել Ձեր քաղաքական գործունեությունը:
-Քաղաքական գործունեությունս սկսել եմ ծավալել դեռևս երիտասարդ տարիներից, երբ սկսեցի հասկանալ մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Այդ խնդիրներն այն ժամանակ՝ անկախության առաջին տարիներին այլ էին, հիմա՝ այլ: Մի խոսքով՝ անկախությունից ի վեր զբաղվում եմ քաղաքականությամբ:
Տարիներ շարունակ իմ գաղափարակից ընկերների հետ միասին, օժանդակել եմ դպրոցներին, մշակութային, մարզական օջախներին, իմ հնարավորութունների սահմաններում արել ամեն հնարավորը մեր ազգային ու հոգևոր արժեքները պահպանելու համար:
-Ինչպե՞ս կգնահատեք քաղաքական իրավիճակը՝ նախընտրական այս շրջանում: Ինչպիսի՞ն է ընթացիկ պայքարը՝ քաղաքական ուժերի մեջ:
-Ես կարծում եմ՝ կլինի 21-րդ դարին և նոր Սահմանադրությանը հարիր մրցապայքար: Քաղաքական ուժերի, թեկնածուների մոտ կարևորում եմ առողջ պայքարը, մարդկային վերաբերմունքն ու միմյանց նկատմամբ հարգանքը:
Այսօր երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ յուրաքանչյուր քաղաքացի բազմաթիվ խնդիրներ ունի իր առջև ծառացած: Մեր բոլորիս նպատակը պետք է լինի մարդկանց հոգսը թեթևացնելն ու նրանց համար արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն ստեղծելը:
-Պարոն Զոհրաբյան, բավականին երկար ժամանակ է՝ քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն չէիք ծավալում. ինչու՞ որոշեցիք նորից ընտրապայքարի մեջ մտնել:
-Ինձ համար քաղաքական դաշտ մտնելն ինքնանպատակ չի եղել: Ես երբեք չեմ դադարել իմ ակտիվ հասարակական գործունեությունը և երբեք չեմ հեռացել իմ ժողովրդից, բայց, միևնույն ժամանակ, լավ եմ հասկանում, որ խորհրդարանում գտնվելով և որոշակի օրինական լծակներ ունենալով, կկարողանամ ավելի արդյունավետ գործունեություն ծավալել մեր հասարակության համար:
Ես ցանականում եմ մեր երկրում փոփոխություններ կատարել. ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր, ինչը կնվազեցնի աղքատության ցուցանիշը, արտագաղթը: Մեր առջև խնդիր կա դրված. հայը պետք է իր հողի վրա արժանավայել կյանքով ապրի, արթնանալիս առաջին հերթին չմտածի օրվա հացի փողը հայթայթելու մասին, այլ՝ վստահ լինի, որ իր աշխատանքով կարող է ապահովել իր ու իր ընտանիքի բարեկեցիկ կյանքը:
-Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրագործել: Որո՞նք են անհապաղ լուծման կարիք ունեցող առաջնահերթ և կարևորագույն խնդիրները՝ ըստ Ձեզ:
-Բազմաթիվ կուտակված խնդիրներ կան թե՛ Երևանում, թե՛ ամբողջ երկրի տարածքում: Մենք Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված հստակ ծրագրեր ենք մշակել, որոնք պատրաստվում ենք կյանքի կոչել և՛ թիմով, և՛ անհատապես: Փորձելու ենք ժողովրդի հետ ազնիվ երկխոսության միջոցով ներկայացնել այն ծրագրերը, որոնք իրատեսական են, որոնք քայլ առ քայլ կյանքի ենք կոչելու:
«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է ծրագրային 15 կետ: Մեզ համար առաջնային է աշխատավարձերի խնդիրը, քանի որ մարդը մինիմալ աշխատավարձով չի կարողանում ապահովել իր գոյությունը: Այսօրվա աշխատավարձով մարդիկ չեն կարողանում անգամ իրենց կոմունալ վճարումները կատարել: Յուրաքանչյուրը պետք է ստանա իր կատարած աշխատանքին համապատասխան աշխատավարձ: Ուսանողը պետք է վստահ լինի, որ բարձրագույն դիպլոմ ստանալուց հետո անգործ չի մնա, պետությունն իրեն ապահովելու է աշխատանքով: Իսկ ի՞նչ է կատարվում այսօր. ուսանողը մի կերպ վճարելով ուսման վարձը, ավարտում է բուհն ու կանգնում փաստի առաջ, դառնում գործազուրկ:
Պետք է մշակել այնպիսի օրենսդրություն, որով մարդը կկարողանա աշխատել ու արժանապատիվ կյանքով ապրել: Երկրում պետք է զարկ տալ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Այսօր Հայաստանում չկա միջին խավ. կան միայն հարուստներ և ծայրահեղ աղքատներ: Ամբողջ ազգը տոկոսների բեռի տակ է: Քաոսային և անելանելի իրավիճակ է ստեղծվել, որի մեղավորն ու պատասխանատուն միմիայն իշխանություններն են:
-Պարոն Զոհրաբյան, աշխատելու ի՞նչ սկզբունք եք որդեգրել:
-Ապրել, արարել, աշխատել միայն օրենքի գերակայության պայմաններում. ահա այս սկզբունքով եմ առաջնորդվում: Եթե քաղաքացին վստահելով իր ձայնը տալիս է ինձ և գործուղում Ազգային ժողով, ինձ մնում է միայն իր շահերը ներկայացնել օրենսդիրի ամբիոնից, բարձրաձայնել նրանց մտահոգող հարցերն ու առաջարկել հստակ լուծումներ. չէ՞ որ դա է իմ քաղաքական առաքելությունը:
-Այնուամենայնիվ, ինչո՞ւ պետք է քաղաքացին իր վստահության քվեն հենց Ձեզ տա:
-Ես ամենօրյա կապի մեջ եմ բնակիչների հետ: Քաջատեղյակ եմ նրանց հուզող հարցերին, մտահոգություններին, նաև ցանկություններն: Մարդիկ վստահում են ինձ, պատմում իրենց հոգսերի, լավ և վատ օրերի, ապագայի հետ կապված պլանների մասին: Հնարավորության սահմաններում աջակցում եմ նրանց, իսկ վստահության քվեն ինձ տալով, նրանք ինձ կտան հնարավորություն՝ իրենց խնդիրներին ավելի խորքային լուծումներ տալու:
-Պարոն Զոհրաբյան, ինչպիսի՞ Հայաստան եք տեսնում ապագայում:
-Ամեն Աստծու օր ես քնում և արթնանում եմ՝ երազելով ու պատկերացնելով, որ մարդիկ պետք է ապրեն բարեկեցիկ ու երջանիկ կյանքով: Լուրջ խնդիր է, երբ ազգը անառողջ, սոված և հուսահատ է: Բոլոր հիմնական խնդիրները ծագում են սոցիալական խնդիրներից: Օր օրի ահագնացող արտագաղթի պատճառով վաղը մենք կանգնելու ենք նաև սահմանը պաշտպանելու լրջագույն խնդրի առաջ: Ճիշտ քաղաքականություն վարելու պարագայում մենք շատ արագ կարող ենք ոչ միայն կանգնեցնել արտագաղթը, այլև ներգաղթ ապահովել: Եթե մարդիկ տեսնեն, որ հարազատ երկրում էլ կարող են աշխատել ու արժանապատիվ կյանքով ապրել, առանց երկմտելու կվերադառնան իրենց հարազատ օջախներ: Այս ամենը միայն խոսքեր չեն: Սա հստակ մշակված, վերլուծված բանաձևերով ծրագիր է, որն առաջարկել է «Ծառուկյան» դաշինքը: Մենք պատրաստ ենք այդ ծրագիրը կյանքի կոչել և շատ արագ փոփոխություններ իրականացնել երկրում:
Սոնա Հարությունյան