Նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ օրվա իշխանությունները մշտապես ունեցել են հետընտրական զարգացումների սեփական սցենարները, որոնք հաջողվել է անշեղորեն իրականացնել: Հետընտրական պրոցեսները, որպես կանոն, տեղավորվել են իշխանությունների սահմանած տրամաբանության շրջանակներում: Այս ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեծ է անակնկալների հավանականությունը, և դա առաջին հերթին վերաբերվում է հենց իշխանական թևին:

Մեր երկրում խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել այն առանձնահատկությամբ, որ դրանց ընթացքում երբեք չի կուտակվել հետընտրական թեժ զարգացման էներգիա: Բայց մինչ այս՝ խորհրդարանական ընտրություններն ունեցել են զուգահեռ նախագահական ընտրություն, որտեղ էլ էներգիան կուտակվել է: Այժմ նախագահական ընտրություն այլևս չկա: Սակայն հանրության շրջանում արդեն իսկ կա այն գիտակցումը, որ այլևս հենց խորհրդարանական ընտրությունն է միակը, երբ հասարակությունն անմիջականորեն հնարավորություն է ստանում գնալ իշխանություն ձևավորելու փորձի, այլ փորձ՝ նախագահական ընտրությունների տեսքով, չի լինելու: Այս տեսանկյունից մեծանում է այս ընտրությունների հանդեպ հասարակական հետաքրքրության աստիճանը:

Դա իր հերթին հանգեցնում է քվեատուփին մոտենալուց առաջ առավել լուրջ և խորքային մտորումների անհրաժեշտության: Իրավիճակը փոխվել է ոչ միայն հասարակական, այլ նաև քաղաքական դաշտում: Դաշտում արդեն իսկ տեսանելի են ուժեր, որոնք կարող են հանդես գալ իբրև իրական այլընտրանք: Կլինեն այս ընտրություններում անակնկալներ, թե՝ ոչ,  կախված է լինելու նաև նրանից, թե ընտրությանը մասնակից, կամ էլ թեկուզ կողքից զուգահեռ պրոցեսներ տանող թիմերն ու խմբերը ինչպիսի արդյունավետությամբ են աշխատելու իրենց դաշտերում:

Այսօր ավելի, քան երբևէ՝ մեծ է նախապես սահմանված սցենարներից, ծրագրերից շեղվելու հավանականությունը: Պատճառները ոչ միայն ընդդիմադիր դաշտի քիչ թե շատ կայացումն է, այլ նաև՝ որ Հայաստանի անկախության այս տարիների ընթացքում առաջին անգամ՝ իշխանությունը խորհրդարանական ընտրության է մոտենում բավական երկփեղկված վիճակով, բացի այդ՝ ավելանում են նաև սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն ու մեր ներքաղաքական զարգացումների նկատմամբ արտաքին աննախադեպ ուշադրությունն՝ Արևմուտքից: Չնայած ադմինիստրատիվ ռեսուրսի, որն ավանդաբար գործի է դրվում ընտրությունների նախօրեին, այսօր այն նույնպես չի կարող երաշխավոր հանդիսանալ ընտրություններում վերջնական հաղթանակի համար:

Հետևաբար, ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունները կարող են ստիպված լինել վերանայել իրենց համար նախապես բազային համարվող գործողությունների տարբերակները: Նախընտրական գործընթացներում մեկ բան խիստ ակնհայտ է՝ վարկանիշային կոչված ընտրակարգը ոչ միայն անհասկանալի միքս է, այլև բավականին լուրջ խութեր ունի, ինչը նույնպես կամա թե ակամա՝ խառնում է իշխանությունների խաղաքարտերը և կարող է ստիպել վերանայել գործողությունների հնարավոր տարբերակները: Ինչ խոսք, հետընտրական դետոնատոր՝ վարկանիշային ընտրակարգը ունի, չնայած երբեք լուրջ զարգացումների հիմք չի դառնա, բայց «օգնել, որ շահագրգիռները տաքացնեն դրա վրա իրենց ձեռքերը, ինչպես և տաքացրին այս օրերին, բացառել պետք չէ:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ