Huffington Post-ի սյունակագիր և թվիթերյան էջի համակարգող Շոն Գարդները կարևորում է սոցիալական մեդիայի դերը մարդկանց կյանքում: «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով ֆորումի ընթացքում Գարդներն ընդգծեց, որ սոցիալական ցանցերը մարդկանց կապում են միմյանց, համագործակցության հնարավորություն են տալիս: «Իսկ համագործակցություն՝ նշանակում է կոլեկտիվ աշխատանք: Հավաքական աշխատանքը շատ կարևոր է: Համատեղ աշխատանքի արդյունքում ավելի մեծ բաների կարելի է հասնել: Կարևոր է՝ մենք-ը, ոչ թե ես-ը: Ես-ը չի աշխատում»,-նշեց Գարդները:
Նա խորհուրդ է տալիս սոցիալական ցանցերում մարդկանց հետ շփումներում պահել թափանցիկությունը, քանի որ դա խորացնում է հարաբերությունները և վստահություն է ներշնչում: Նա ընդգծեց, որ կարևոր է, որպեսզի մարդը սոցիալական կայքում իրեն ներկայացնի այնպես, ինչպես իրականում կա, ոչ թե այնպես, ինչպես ցանկանում է լինել կամ երևալ:
Նա հավելեց, որ իր համար լավագույն հարթակը «Ինստագրամ»-ն է: Նրա խոսքով՝ օրինակ, քարոզարշավի շրջանում սոցիալական այդ հարթակում կարելի է որքան հնարավոր է շատ նկարներ զետեղել՝ օգտագործելով տարբեր հեշթեգեր: «Երբեք մի՛ վախեցեք ամեն օր ինֆորմացիա զետեղելուց, մի քանի հեշթեգ օգտագործելուց: «Ֆեյսբուք»-ը, «Ինստագրամ»-ը օգտագործեք միաժամանակ»,- եզրափակեց Գարդները: