Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով և 235.1 հոդվածի 1-ին մասով: Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորել է նրան: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը: 

 

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները՝ դրանք համարելով անհիմն:

 

Բաբայանին առաջադրված մեղադրանքները հետևյալն են՝ ՔՕ 235 հոդվածի 1-ին մաս՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ: Սույն արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով»: 

 

Իսկ 235.1 հոդվածը Քրեական օրենսգրքում նախորդ տարի լրացված հոդված է: Այն է՝ «խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի՝ բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական
տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու
համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական
կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական
տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է խոշոր չափերով: Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

 

Քրիստինա Աղալարյան