Հայաստանում հետընտրական զարգացումները և քաղաքացիական զարգացումները, որոնք արտահայտվում են ամենատարբեր դրսևորումներով' սկսած Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների կազմակերպած հանրահավաքներով և ավարտած քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիաներով, աստիճանաբար ծավալվում են: Իսկ Երևանում հանրահավաքային մի քանի օրվա դադարի ֆոնի վրա կարծես առաջին գծում հայտնվեցին ուսանողական ելույթները և դասադուլները: Ընդհանրապես, ցանկացած քիչ թե շատ զարգացած պետության մեջ ուսանողությունը հանդիսանում է քաղաքացիական հասարակության կարևորագույն մասնիկը և նույնիսկ ավանգարդը: Եթե տվյալ երկրում ուսանողությունը չի արձագանքում տեղի ունեցող քաղաքական-հասարակական զարգացումներին, ապա կարելի է արձանագրել, որ տվյալ հասարակությունն առողջ որակելն առնվազն վիճելի հարց է:
Այս առումով' հայ հասարակությունը կարծես թե այնքան էլ անհուսալի վիճակում չէ. ժողովրդի զգալի հատվածի ընդվզմանն անմիջապես արձագանքեց ուսանողության գոնե առաջադեմ հատվածը, որը գաղափարապես միանշանակորեն լոյալ է տվյալ շարժման գաղափարական հիմնադրույթներին' ազատություն, արդարություն, պայքար կեղծիքների և անարդար վարչակարգի դեմ: Միանգամայն հասկանալի է, որ իշխանությունները պետք է զգային ուսանողական հատվածից եկող վտանգը և փորձեին անմիջապես կասեցնել շարժումը, ինչը հմտորեն արեցին' օգտագործելով ամենատարբեր մեթոդներ, այդ թվում' ոստիկանական զորքերի միջոցով բուհական շինությունների մուտքը փակելը: Սրանից պարզ դարձավ, որ Հայաստանում կրթությունը ոչ թե կամավոր է, այսինքն՝ ուսանողը ոչ թե իր կամքով է այցելում դասընթացներին կամ բացակայում դրանցից, այլ նրան հայրենական Ոստիկանության և նժդեհական վեհ գաղափարներով տարված ուսխորհուրդների օգնությամբ ստիպում են սովորել և դուրս չգալ բուհի շենքից:
Սա հասարակության լայն զանգվածի կողմից ստացավ միանգամայն բնական արձագանք: Տեղին է մեջբերել, օրինակ, հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանի կարծիքը սրա վերաբերյալ. «Երբ բուհը ծայրից ծայր հանրապետականացվում էր, երբ ուսանողներին քշում էին իշխանական տարբեր միջոցառումների, ինչո՞ւ դուք մեկ անգամ չընդվզեցիք, բողոքի ձայն, նշույլ նույնիսկ, կես հառաչանք չհանեցիք»:
Եվ ահա, երեկ, երբ դասադուլային կրքերը մասնավորապես Երևանի պետական համալսարանում հասան իրենց գագաթնակետին, պարզվեց, որ հայրենական Ոստիկանությունը համալսարանական «ապաքաղաքական» ղեկավարության միջնորդությամբ օգնության է կանչել նաև «Ախալքալաքի զորքերին»: Երեկվա միջադեպը դասական օրինակ է՝ ցույց տալու, թե իրականում ո՞ւմ վրա է հենվում այս իշխանությունը, ովքե՞ր են ներկայացնում պետական, կրթական կարևորագույն նշանակություն ներկայացնող հաստատությունները' ի դեմս, օրինակ, արդեն համացանցում ամենախիստ գնահատականի արժանացած ԵՊՀ ռեկտորի օգնականի, ով հանդես եկավ այդ, այսպես ասած, «զորքերի», այսպես ասած՝ հրամանատարի դերում: Արդյունքում, ավելի պարզ լեզվով ասած, նա հրահրում էր բախում մի խումբ երիտասարդների հետ, ովքեր պարզապես քաղաքացիական անհնազանդության կոչ էին անում:
Ինչ վերաբերում է դասադուլի կոչ անող ակտիվիստներին և ուսանողներին, ապա նրանց կողմից ագրեսիվ «ախալքալաքյան լեգեոնին» ուղղված «մենք ձեզ սիրում ենք» վանկարկումները ևս մեկ անգամ հաստատեցին այս շարժման հիմքում ընկած հանդուրժողականությունը և քրիստոնեությունը: Իհարկե, ինչպես միշտ, իրենց բարձրության վրա էին նաև հայրենական ոստիկանները, ովքեր կարծես չէին լսում, թե ինչպես են հայրենական վեհ գաղափարներով տոգորված «ախալքալաքցիները» պարզապես հայհոյում քաղաքացիներին, ինչպես էին «ռազբիրատի» հրավիրում նրանցից ոմանց: Պարզվում է՝ մեր ոստիկանները նաև հիանալի քաղաքական հռետորներ են և կարող են նաև հանդես գալ քաղաքական կոչերով: «Եթե «դասադուլ» կոչը համարում եք հիմնավոր, ազատ արարք, «ոչ դասադուլին» կոչն էլ ընդունեք»,- ակտիվիստներից մեկի հետ զրույցում ասաց փոխգնդապետ Մովսիսյանը: Մեկնաբանությունները պարզապես ավելորդ են:
Կարծում ենք, առանձնակի անհրաժեշտություն չկա մանրամասն անդրադարձ կատարելու դասադուլավորներին յուրաքանչյուր բուհի առջև դիմավորող համալսարանական երիտասարդ չինովնիկներին և նրանց քաղաքական պատկանելությանը, քանի որ ընդամենը մեկ անգամ հետևելով նրանցից յուրաքանչյուրի ֆեյսբուքյան գրառումներին, անմիջապես պարզ կլինի, թե ո՞ւմ դեմ են քարոզչություն կատարում և ինչպիսի՞ քաղաքական նպատակների են ծառայում «ապաքաղաքական» ուսխորհուրդների ղեկավարները:
Սակայն ամբողջ այս համապատկերում կա մի խնդիր, որը, կարծում ենք, անհրաժեշտ է ուշադրության, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում ցանկացած ընդդիմադիր ելույթ իշխանական քարոզչության կողմից մշտապես որակվել է՝ որպես քաղաքացիական և ազգային պառակտման փորձ, ինչն էլ, ըստ ավանդույթի, հակադարձվել է Լեռնային Ղարաբաղի հարցով և ազգային անվտանգության խնդիրներով: Առաջանում է տրամաբանական հարց' ովքե՞ր են իրական քաղաքացիական և ազգային պառակտումներ առաջացողները և քաղաքացիական բախումներ հրահրողները, նրանք, ովքեր Սահմանադրության շրջանակներում պաշտպանում են իրենց քաղաքացիական իրավունքնե՞րը, թե՞ նրանք, ովքեր Ոստիկանության լուռ համաձայնության պայմաններում հայհոյում են նույն քաղաքացիներին և նրանց դեմ «զորքեր» են դուրս բերում: Դրա վառ օրինակին երեկ ականատես եղան «Youtube» կայքի բազմահազարանոց դիտողները: Հերթական անգամ համոզվեցինք, որ ոչ միայն քաղաքական դաշտն է բաժանված ամենատարբեր կլանների կամ «թայֆաների», այլ նույնիսկ այդ պառակտումը մտցված է նաև երիտասարդության, ուսանողության շրջանում. բոլորին է հայտնի բուհերում, այսպես ասած, ախալքալաքցիների պահվածքը. նրանք իրենց տղայական «ռազբիրատների» շրջանակներում այս կամ այն խմբավորումների հետ հարցեր լուծելու համար երբեք ընտրություն չեն կատարել միջոցների մեջ և ծեծկռտուքներին մասնակցելիս, հիմնվելով իրենց ախալքալաքյան ծագման վրա, ավելի կուռ են դարձել, քան, ասենք, հայ ժողովուրդը՝ Սարդարապատի ճակատամարտից առաջ: Բայց այս անգամ պարզվեց, որ ախալքալաքցիների «զորքերի» ծառայություններից օգտվում են նաև ուսումնական հաստատության ղեկավարները, այսինքն' իշխանությունները:
Իրականում խնդիրը շատ ավելի խորն է, և հարցը ոչ թե Երևան ժամանած ջավախահայերը, ղարաբաղցիները կամ արտաշատցիներն են, ովքեր գալիս են մայրաքաղաք' կրթություն ստանալու կամ աշխատանք փնտրելու համար, խնդիրը պարզապես տվյալ հարցի վերաբերյալ ազգային որևէ հայեցակարգի բացակայությունն է: Հայաստանում մշակված չէ երկրի ապակենտրոնացման որևէ ծրագիր, կամ, եթե նույնիսկ մշակվել է, ապա ակնհայտորեն չի գործում, ինչի արդյունքում՝ քաղաքները և մարզերը չեն զարգանում ինքնուրույն, մարզերի բնակիչները չեն ձգտում մնալ իրենց քաղաքներում ու գյուղերում և զարգացնել իրենց բնակավայրերը, ինչն էլ իր հերթին՝ բերում է Երևանում բնակչության կենտրոնացմանը' դրանից բխող ամենաբացասական հետևանքներով, այդ թվում՝ նույն թայֆայականության: Հայաստանի Հանրապետությունն ազգային պետություն է, և ցանկացած հայ, անկախ նրանից, թե նա ունի՞ ՀՀ քաղաքացիություն, թե՞ ոչ, պետք է ստանա իր հայրենիքի հովանավորությունը, սովորի ցանկացած բուհում և հնարավորություն ստանա գտնելու աշխատանք: Բայց մյուս կողմից' Երևան ժամանած այդ նույն ախալքալաքցիներից քանի՞սն են վերադառնում իրենց էթնիկ բնակավայր' պատմական Հայաստանի անբաժան մաս հանդիսացող Ջավախք, և քանի՞սն են փորձում դիմակայել Ջավախքի հայաթափմանը: Միգուցե ավելի ճի՞շտ կլիներ, որ նույն ջավախեցիները կամ ղարաբաղցիները, իրենց բնակավայրեը լքելու, Երևանում այս կամ այն քաղաքական շահերին ծառայելու փոխարեն՝ տեր կանգնեին իրենց ծննդավայրերին, որպեսզի մենք ևս մեկ անգամ ստիպված չլինեինք բարձրաձայնելու Ջավախքի և Լեռնային Ղարաբաղի հայաթափման կամ Ջավախքի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների սրման մասին: